Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության բացատրական աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Օգոստոսի 15-ին 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող ճանապարհի կիսակառույց շինությունում։
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ՍՎԴ տիպի դիպուկահար հրացան՝ ՊՍՕ-1 տեսակի օպտիկական սարքով, և 7,62 մմ տրամաչափի 10 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, հակատանկային 1 նռնականետ, 1 ՊՊ-61Բ օպտիկական սարք, 2 Ֆ-1 նռնակ՝ պայթուցիչներով, 5 նռնակի պայթուցիչ, մետաղյա տուփեր՝ 5,45 մմ տրամաչափի՝ 366, և 7,62 մմ տրամաչափի՝ 334 փամփուշտով, 12,7 մմ տրամաչափի 2 կրակոց, ինքնաձիգի՝ 13 և ՍՎԴ-ի 3 դատարկ պահեստատուփեր, ինքնաձիգի պահեստատուփերի պայուսակ, սաղավարտ և զրահաբաճկոն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: