Օգոստոսի 16-ին ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:
«Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:
Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:
ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: