«ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ». ԱՌԱՋԱՐԿ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Սթիան Ենսենը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց զիջի իր տարածքների մի մասը։ Նա հավելել է՝ այնուհանդերձ, չեմ պնդում, թե հենց այդպես էլ պետք է լինի: Նորվեգական լրատվամիջոցների տվյալով՝ նման հայտարարությամբ Ենսենը հանդես է եկել Նորվեգիայի Արենդալ քաղաքում: Նա նաև ընդգծել է, որ Կիևը ինքնուրույն պետք է որոշի՝ երբ և ինչ պայմաններում է ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ:
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում զգալի տեղաշարժ կա։ Բոլորը շահագրգռված են, որ պատերազմը չկրկնվի»,- ասել է պաշտոնյան, հավելել՝ ռուսական կողմն այժմ ռազմական լուրջ խնդիրների է բախվում և դժվար թե նոր տարածքներ գրավի:
Կիևն արձագանքել է. «Նման նարատիվի ձևավորումը ձեռնտու է միայն Ռուսաստանին»՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն:
«ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց ուկրաինական տարածքներից հրաժարվելու մասին խոսակցությունները բացարձակապես անընդունելի են։ Մենք միշտ առաջնորդվել ենք նրանով, որ դաշինքը, ինչպես և Ուկրաինան, տարածքների առևտուր չի անում»,- ընդգծել է Նիկոլենկոն։
ԿԻԵՎԸ ՏՎԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Հուլիսի 17-ից հացահատիկի գործարքից դուրս գալու մասին Մոսկվայի հայտարարությունից հետո առաջին անգամ բեռնարկղային նավը լքել է Օդեսայի նավահանգիստը։ Ուկրաինայի փոխվարչապետի խոսքով՝ այսպիսով Կիևը տալիս է սևծովյան ժամանակավոր միջանցքի մեկնարկը։ Նա մանրամասնել է՝ նավը նավարկում է Հոնկոնգի դրոշի ներքո և տեղափոխում ավելի քան 30 հազար տոննա բեռ, այդ թվում՝ սննդամթերք: Լրատվամիջոցների տվյալով՝ այն ուղևորվում է Թուրքիա:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ, իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն ուկրաինական հակամարտությանը ներգրավված պետություններ:
Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովն էլ հայտարարել է, որ Մոսկվան գործընկերների հետ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանն այլընտրանքային տարբերակներ է մշակում, որ սննդամթերք մատակարարի կարիքավոր երկրներ:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ հուլիսի 21-ից Սև ծովով դեպի Ռուսաստանի և նրա վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքների նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների փոխադրողներ՝ համապատասխան ռիսկերով։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԵՆ ԲԵԼԳՈՐՈԴԸ. ԳԼԱԴԿՈՎ
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորել են Բելգորոդի շրջանի բնակավայրերը՝ կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր: Նրա խոսքով՝ հայտնի է խաղաղ բնակչության շրջանում մեկ զոհի մասին, կա 2 վիրավոր, վնասվել են քաղաքացիական կառույցներ, ավտոմեքենաներ:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի ուղղությամբ արձակված ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել: Գերատեսչությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել:
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար, ինչը լրացուցիչ խթան կհաղորդի զբոսաշրջության զարգացմանը՝ «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպանը: Քազեմ Ջալալիի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են պատասխանատու պաշտոնատար անձանց որոշումները:
Նա տեղեկացրել է, որ Իրանն ու Ռուսաստանը նաև համատեղ նախագծեր են մշակում ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերության ոլորտում։
«Իհարկե կցանկանայինք նաև Ռուսաստանից Իրանում պակասող ապրանքներ գնել, օրինակ՝ հացահատիկ ու ձեթ։ Միաժամանակ մենք էլ ուզում ենք ապահովել Ռուսաստանի կարիքները»,- ասել է Ջալալին, հավելել՝ Թեհրանը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։