Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակն աղետալի որակեց ու փաստերը ներկայացրեց: Լեռնային Ղարաբաղում բավարար սննդի բացակայության պատճառով վաղաժամ ծնունդներն ավելացել են, Ստեփանակերտի 40-ամյա բնակիչը թերսնումից մահացել է: Իսկ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել, քանի որ վառելիքի բացակայության պատճառով շտապօգնությունը չի հասել: Անահիտ Մանասյանը հայտարարեց՝ ԼՂ-ում ամենօրյա ռեժիմով խախտվում են մարդու հիմնարար բոլոր իրավունքները:
Անահիտ Մանասյան (ՀՀ ՄԻՊ) - Կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունքը, բժշկական օգնության և սպասարկման իրավունքը: Մենք չենք կարող խոսել հիմնարար իրավունքի տեսակի վերաբերյալ, որը կոպտագույն ձևով չի խախտվում այս իրավիճակում:
Պաշտպանը շեշտեց՝ այս հումանիտար աղետն ադրբեջանական իշխանությունների հայատյացությամբ սնուցվող և բորբոքվող էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ուղղակի դրսևորումն է, որի վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը բնիկ հայերից ազատելն է՝ նրանց ահաբեկելու, մշտական ֆիզիկական և հոգեբանական հարձակումների և ճնշումների ենթարկելու, կյանքի անելանելի պայմաններ ստեղծելու միջոցով: Մանասյանը վստահեցրեց՝ ամենօրյա ռեժիմով հավաքում են փաստերն ու ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին, ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին:
Անահիտ Մանասյան - Մարդու իրավունքները միշտ պետք է գերակայեն քաղաքական տարբեր որոշումների նկատմամբ, և ամենակարևոր հանգամանք այն է, որ մենք կարողանանք հասնել այդ վերջնանպատակին, որ, այո՛, կան առանձին քաղաքական հարցեր, կարող են լինել առանձին տարածքային խնդիրներ և այլն, բայց դրանք երբեք չեն կարող գերակայել մարդու իրավունքի նկատմամբ, և սա է նաև իմ կողմից տարվող աշխատանքի հիմնական առանցքը:
Օմբուդսմենը կարևորեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերները հասկանում են խնդրի լրջությունը, տալիս հասցեական գնահատականները, առանձնացրեց միջազգային դատարանների վճիռները, Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ զեկույցները և կարևորեց, որ այս արձանագրումներն ընկնեն նաև քաղաքական հայտարարությունների ու որոշումների հիմքում:
Անահիտ Մանասյան - Այսօր մենք գտնվում ենք այլ փուլում, որ մեզ անհրաժեշտ են գործուն քայլեր խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Դա է նաև պատճառը, որ հատուկ շեշտադրել եմ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մանդատ ունեցող միջազգային կառույցների կողմից, այդ թվում՝ գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, քանի որ ծայրահեղ իրավիճակում ենք, հասել ենք մի կետի, որտեղ հայատյացությամբ սնվող Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել:
Հայաստանի մադու իրավունքների պաշտպանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին, առաջարկել քննարկել հումանիտար հարցերը, հիշեցրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ապաքաղաքական, անկախ հաստատություն է, որը քաղաքական, տարածքային ասպեկտ չի էլ կարող ունենալ: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծած պետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից գրությանը մինչև օրս չեն արձագանքել:
Հեղինակ՝ Անի Օհանյան