Երեկ գիշերը Լեռնային Ղարաբաղի մի խումբ ակտիվիստներ փակել էին Իվանյանում գտնվող Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման վայրի մուտքը: Նրանց պահանջն էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում ու դեպի Հակարիի կամուրջ ավտոերթի անվտանգության ապահվում: Մարդատար մեքենայով փակված մուտքը բացելու համար ռուսական խաղաղապահ ուժերը ծանր տեխնիկա են դուրս հանել: Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իրավիճակը:
Արթուր Օսիպյան (Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման նախաձեռնող խմբի անդամ) - Ճնշում էին գործադրում, որ, ա՛յ, էս ա՝ ԲՏՌ-ով անցնում ենք ձեր ավտոյի վրայով: Նստել եմ ավտոն, ասում եմ՝ անցե՛ք, հիմա էդ ԲՏՌ-ը քշում են, որ ավտոյի հետևին խփեն ու մի «Ուրալ»-ով էլ քշում են, որ ավտոյի էն բանին խփեն:
- Ձեր հրամանատարության անգործության պատճառով Ղարաբաղը սովի շեմին է:
- Մեքենան, ասում եմ, հեռացրե՛ք:
- Պարո՛ն մայոր, իսկ դուք կարո՞ղ եք բացել Լաչինի միջանցքը, մենք միանգամից կհանենք:
Մինչև մուտքը փակելու քայլին դիմելը, ակտիվիստներն օգոստոսի 4-ին հանդիպել էին խաղաղապահների հետ, հորդորել ապահովել իրենց անվտանգությունը, որ կարողանան խաղաղ երթով շարժվել Հակարիի կամուրջ: Նրանցից գրավոր նամակ էին պահանջել, ապա պատասխանել, որ խաղաղապահների առաքելության մեջ չի մտնում ակցիաների անվտանգության ապահովումը:
- Ձեզ որքա՞ն գումար են տվել:
- Ամոթ ձեզ, պարո՛ն գնդապետ:
-Դուք պետք է ամաչեք:
- Ամո՛թ ձեզ, որ մեզ գերության եք մատնել և պահում եք 30.000 երեխայի սովի շեմին, ո՞վ պետք է ինձ վարձատրեր, որ ես իմ բողոքը ներկայացնեի:
Արթուր Օսիպյանի պնդմամբ՝ մուտքը բացել են, քանի որ Ռուսաստանի խաղաղապահները երկրորդ անգամ կրկին ծանր տեխնիկա են հանել, իսկ իրենք հազիվ տասը հոգով են եղել:
Արթուր Օսիպյան - Դիմադրել ենք, պրոբլեմներ ենք ստեղծել, բայց, դե, մի քանի հոգով, մի քանի անգամ իրանք մեզնից առավել էին քանակով, էսքանն էր: Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, մեր պայքարը շարունակվում ա, և մենք դեռ մեր քայլերը հետագա կմտածենք ու անպայման կանենք:
Իսկ ինչ են նախատեսում անել՝ կորոշեն ժամը 19:00-ին. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվելու կոչ են արել։ Պնդում են՝ մարդկանց թվից կախված՝ քայլերի հաջորդականություն կմշակեն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան