Ծնելիության թվով Վայոց ձորն՝ առաջին, Արագածոտնը՝ երկրորդ, Կոտայքը՝ երրորդ տեղում է. վիճակագրական կոմիտեն ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի տվյալները: Նորածինների թիվն անցած տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 428-ով: Այս ցուցանիշը մասնագետները համարում են մի շարք գործոնների՝ այդ թվում նպատակային իրականցված պետական ծրագրերի արդյունք: 2020 թ-ի հունվարից Առողջապահության նախարարությունն իրականացնում է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանն ուղղված քայլերի շարք: Այն կազմված է 4 ենթամասից՝ անպտղության բուժում, սքրինինգ, հղիության պլանավորում, չզարգացող հղիությունների, մեռելածնության, ինքնաբեր վիժումների նվազեցում: Առավել տարածված է անպտղության բուժումը:
Նունե Փաշայան (ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - վերջին 7 ամսվա կտրվածքով կարող եմ ասել, որ արդեն մոտավորապես 2780 շահառու գտնվում են բուժման այս կամ այն էտապում:
Անցած տարի շահառուների թիվը կազմում էր մոտավորապես 850:
Թվի ավելացումը պայմանավորված է շահառուների ցանկի ընդլայնմամբ: Մինչև հունվար այն հասանելի էր միայն զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց, սահամանամերձ բնակավայրերի բնակիչներին, հաշմանդամություն ունեցող անձանց, զոհված զինծառայողների ծնողներին ու նպաստառու ընտանիքներին: Այսօր ծրագրից կարող են օգտվել մինչև 36 տարեկան բոլոր կանայք: Պետական ծրագիրի 4 ենթամասերն էլ անվճար են շահառուների համար: Ծրագիրը կշարունակվի նաև 2024-2026-ին, սակայն՝ այլ շեշտադրումով:
Ոլորտի մասնագետների գնահատմամբ ծնելիության թվի բարձրացմանը նպաստում է նաև բազմազավակ ընտանիքներին տրվող դրամական աջակցությունը, երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող նպաստի չափի փոփոխությունը, բնակարանային մի շարք ծրագրերը:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Եթե 2018-ին ծնվել էր ընտանիքում 3-րդ և հաջորդ շուրջ 8 000 երեխա, ապա արդեն 2021 թվականի տվյալներով այդ թիվը գերազանցում է 11 000-ը, և 2022 թ-ի ամփոփումը ունենալով մինչև տարվա վերջ՝ արդեն հստակ կարող ենք դինամիկան տեսնել:
2022 թ-ի հունվարի 1-ից Կառավարությունը նոր ծրագիր է ընդունել, ըստ որի ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի մասով մինչև երեխայի 6 տարին լրանալը ամսական 50 000 դրամ աջակցության ծրագիր է իրականացնում:
Ավարտական փուլում է նաև Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը: Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև 2040 թ. ունենալ ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված 100-ից ավելի ծրագիր ու միջոցառում:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան