Արտահանման, ներմուծման, տարանցման ժամանակ անհրաժեշտ ցանկացած լիցենզիա և թույլտվություն տնտեսվարողներն ու մաքսային ձևակերպումների մասնագետները ստանում են առցանց՝ առանց որևէ պետական մարմին այցելելու: Այս փաստաթղթերն անհրաժեշտ են ԵԱՏՄ որոշումներով ու կանոնակարգերով, ըստ որի կան ապրանքատեսակներ, որոնց ներմուծումը, արտահանումը կամ տարանցումն առանց պետական թույլտվության չեն իրականացվում: Նախկինում բիզնեսը այս ամենը իրականացնում էր թղթային տարբերակով՝ փոստային ծառայությունների միջոցով, անհրաժեշտ փաստաթղթին սպասելով միջինը 5-7 օր: Հիմա միջին հաշվարկով յուրաքանչյուր գերատեսչություն հայտը հաստատում է 30-40 րոպեում: «Թույլատվական փաստաթղթեր» համակարգին միացած պետական 13 մարմին կա:
Գալուստ Մուրադյան (ընկերության մաքսային ձևակերպումների մասնագետ) - Մենք հիմնականում ԱԱԾ-ի հետ, ԲՏԱ նախարարության հետ ռազմական կամ երկակի նշանակության դիմելու հայտեր ենք ուղարկում, օրինակ՝ եթե համեմատական դնենք նախկին ու ներկա ծրագրի միջև, ներկա ծրագիրը շատ ա արագացրել թույլտվություն կամ լիցենզիա ստանալու գործընթացը: Օրինակ՝ ԱԱԾ-ն եթե նախկինում կստանայինք 4-5 օրվա ընթացքում, փոստային տարբերակով, հիմա մի քանի ժամվա ընթացքում էլ կարողանում ենք ստանալ:
Համակարգը առանձնացնում է պարտադիր լրացման դաշտերը, բացթողումների դեպքում՝ ավտոմատ հուշում, թե ո՛ր դաշտն է թերի լրացված:
Կարեն Մարտիրոսյան (ՊԵԿ ՏՏՎ նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, նախագծի ղեկավար) - Համակարգը ստեղծվել է հաճախորդակենտրոն հիմունքներով, օգտագործվել են նույն բառակապակցությունները, նույն տերմինները, նույն եզրույթները, որը տարիներ շարունակ օգտվողները սովոր են տեսնել ապրանքային հայտարարագրերում և մաքսային մյուս համակարգերում, որպեսզի իրենց ավելի հեշտ լինի օգտվելը:
Համակարգին ծանոթացնելու նպատակով դրսի հետ աշխատող բիզնեսի համար պարբերաբար դասընթացներ են կազմակերպում: Ընկերության մաքսային ձևակերպումների մասնագետը, աշխատանքն ավելի հարթ իրականացնելու համար, առաջարկում է համակարգում պրոֆիլակտիկ աշխատանքները հնարավորության դեպքում աշխատանքային ժամերից հետո իրականացնել: ՊԵԿ աշխատակիցն էլ մեկ այլ հետաքրքիր դիտարկում է անում:
Կարեն Մարտիրոսյան - Տենց մի հատ վերլուծություն ենք արել, որ բավականին շատ հայտեր հանգստյան, ոչ աշխատանքային ժամերին են ներկայացվում:
Համակարգն այժմ շուրջ 2300 օգտվող ունի՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ընդ որում՝ այս թիվը չի արտացոլում ամբողջ պատկերը, քանի որ մաքսային միջնորդները հաճախ մի քանի կամ անգամ մի քանի տասնյակ անձանց փաստաթղթավորում են իրականացնում:
Կարեն Մարտիրոսյան - Քանի որ ամբողջապես էլեկտրոնային է, և բացառում ենք որևէ թղթային տարբերակ, այսինքն՝ այսօրվա դրությամբ 2300 օգտվողը այսօրվա 100 տոկոսն է, որովհետև չկա մարդ, որ կարող է համակարգը շրջանցելով ստանա թույլտվություն:
Կարեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ համակարգն աստիճանաբար ընդլայնվում է, ավելանում են դրան միացած գերատեսչությունների թիվը և առկա թույլատվական փաստաթղթերի քանակը: Համակարգի միջոցով արդեն իսկ ներկայացվել է շուրջ 36 հազար հայտ: