Սրանք կադրեր են ամիսներ առաջ Ամիրյան փողոցից, որտեղ մալուխների խրձերի պատճառով պարզ երկինք տեսնելը անհնար էր թվում: «Երքաղլույս» ընկերությունը Ամիրյանում աշխատանքները ամբողջությամբ ավարտել է: Ինչու առաջինը ընտրվեց այս փողոցը՝ ընկերության տնօրենը մեկնաբանում է՝ սա իրենց համար ինչ-որ առումով փորձնական աշխատանք էր՝ հասկանալու համար՝ ի՛նչ ժամկետում, ի՛նչ ծավալով է հնարավոր տարիների կուտակած խնդրին լուծում տալ:
Անդրանիկ Թևոսյան («Երքաղլույս» ընկերության տնօրեն) - Ինքը համեմատաբար ավելի կարճ է, որպեսզի փորձեինք մեր ուժերը և հասկանայինք, որովհետև այս ծրագիրը երկար ժամանակ ա՝ ձգձգվում ա, և փաստացի 2.5 ամսվա ընթացքում մենք Ամիրյան փողոցի մալուխները անցկացրեցինք գետնի տակ, տեղադրվեցին նոր հենասյուներ, նոր լուսատուներ՝ հին նատրիումայինի փոխարեն, և ամբողջությամբ ազատեցինք լարերից, մեր հին հենասյուներն էլ ապամոնտաժեցինք և հեռացրեցինք:
Անդրանիկ Թևոսյանը նշում է՝ գուցե օդում մոնտաժելը ավելի հեշտ էր, ու հիմա որոշակի դժվարություններ առաջանան, բայց մալուխները գետնի տակ շատ ավելի անվտանգ են: Բնակիչների մտավախությունը, թե յուրաքանչյուր խնդրի դեպքում ամբողջ փողոցը քարուքանդ անելու կարիք կլինի, Թևոսյանը փարատում է՝ պրոցեսը շատ ավելի դյուրին է, քան պատկերացնում են: Կբացվի ընդամենը մեկ կետ, որտեղից հնարավոր կլինի կարգավորումներ անել:
Անդրանիկ Թևոսյան - Սկզբում բոլոր մալուխները անց են կացվել գետնի տակով, ունենք 5 խողովակ, որի միջով անցնում են օպերատորները, մեր հոսանքի լարերը:
Այս պահին աշխատանքներ են իրականացվում Մյասնիկյան-Աճառյան փողոցներում: «Երքաղլույս» ընկերության տնօրենը նկատում է՝ եթե Ամիրյանում աշխատանքները երթևեկությանը չէին խոչընդոտում, այստեղ աշխատանքը վարորդների համար որոշ անհարմարություն էր ստեղծում, քանի որ առաջին գիծը երթևեկելի է:
Անդրանիկ Թևոսյան - Մենք հիմա մոտենում ենք Աճառյանի ավարտին, այստեղ ընթանում են ներկայիս աշխատանքները, որպեսզի խրամուղին փորվի և ասֆալտապատվի, որպեսզի բոլոր լարերը այնուհետև անցնեն գետնի տակ:
Թևոսյանը նշում է՝ աշխատանքներն ավարտելուց հետո Մյասնիկյանում օդում մալուխ տեսնելուն պես չբողոքել, որ գործը թերի է արվել: Տրոյելբուսների համար նախատեսված էլեկտրալարերը տեղում են մնալու: Ինչպես նախատեսված էր, սկզբում մալուխների գետնի տակ անցկացնելուն զուգահեռ մինչև ամսվա վերջ պետք է նաև հենասյուները մոնտաժվեին, բայց աշխատանքները չեն իրականացվել կապալառու ընկերության թերացման պատճառով:
Անդրանիկ Թևոսյան - Քաղաքի համար բերված հենասյուների երկրորդ մասն անընդունելի է, և հիմա սպասում ենք նորից բերեն հենասյուներ մեզ համար, նրանք որակապես անընդունելի են եղել:
Լքված, անհայտ մալուխները աշխատանքների ժամանակ ապամոնտաժվել են: Իսկ Ամիրյանում և բոլոր այն փողոցներում, որտեղ արդեն ապամոնտաժվել են մալուխները, նոր անցկացվածը տեսնելուն պես անմիջապես կտրվելու են՝ վստահեցրեց «Երքաղլույս» ընկերության տնօրենը:
Հաջորդ հասցեն Թումանյանն է, աշխատանքները նախատեսվում են 1 ամսից, կավարտեն մեկնարկից երեք ամիս անց: