Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում փորձարկվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված, ««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է 10-12-դասարանների համար:
«Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում ձևավորել համապարփակ և ընդհանրական գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտի և արտադրության կազմակերպման վերաբերյալ, ինչը նրանց հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Դասընթացում ներառված են գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերի՝ բուսաբուծության և անասնաբուծության վարման, գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակման, նորագույն տեխնոլոգիաների գործարկման, կառավարման ու պահպանմանը վերաբերող թեմաներ:
««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրն առաջարկվում է իրականացնել 30-38 ժամաքանակով:
Մասնագիտական դասընթացի ավարտին աշակերտները գիտելիքներ կունենան դաշտային և բանջարային մշակաբույսերի, բազմամյա պտղահատապտղային բույսերի ու խաղողի վազի տեսակային կազմի, շրջանացված սորտերի, դրանց խմբավորման, մշակման տեխնոլոգիաների, ցանքատարածքների ու այգետարածքների տեղաբաշխման մասին:
Աշակերտները գիտելիքներ ձեռք կբերեն նաև տարբեր կենդանիների բուծման ու պահվածքի կազմակերպման, շրջակա միջավայրի բնական բաղադրիչների՝ էկո համակարգերի ու բնական ռեսուրսների, արդյունավետ օգտագործման և այլնի վերաբերյալ: