Մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, մասնավորապես առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար: Այս տեսակի մարդասիրական երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ արձագանքելով Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակին։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը։ Մենք նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը, և մենք ակնկալում ենք, որ այնտեղ նույնպես տեղի կունենան քննարկումներ»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ դիրքորոշումը ՄԱԿ-ում՝ Պատելն ասել է հետևյալը.
«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի»,- նշել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը։