Հայ իրավապաշտպանները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ արդեն 8 ամիս Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ: Հայցը ներկայացվել է, մասնավորապես, ընտանիքների միավորման հարցով, պահանջելով Ադրբեջանից դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են մարդկանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման:
Արտակ Զեյնալյան (իրավապաշտպան) - Ընտանիքներ կան, որ մինչև տոտալ պաշարումը բաժանված են եղել, մի մասը գտնվել է Հայաստանում, բուժումների ընթացքում, իսկ երեխաները գտնվել են Արցախում և պաշարումից հետո չեն կարողանում միանալ: Այս գործերով ենք ներկայացրել:
ՄԻԵԴ ներկայացված դիմումով իրավապաշտպանները պահանջել են կիրառել միջանկյալ միջոց՝ ընտանիքների միավորումն ապահովելու համար: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Եվրադատարանը, թեև միջանկյալ միջոց չկիրառեց, բայց այդ գործերով արդեն սկսել է կոմունիկացիան, և արագ ընթանում է գանգատի քննությունը:
Արտակ Զեյնալյան - Հրատապ միջոցի համար էինք դիմել, ՄԻԵԴ-ը չկիրառեց, նորարարության փորձ էր, ուզում էինք իրավունք զարգացնել, բայց մեզ համար անսովոր սկսել է գործի քննությունը: Ներկայացրել ենք հիմնական գանգատը, ՄԻԵԴ-ը մեզ տրամադրել է էլեկտրոնային կապուղի, և շատ արագ քննության փուլ ենք մտել: Անմարդկային վերաբերմունք է այն անձանց նկատմամբ, ովքեր բաժանված են, անչափահաս երեխաներ կան, որ ծնողներից բաժանված են: Նաև ծնողներն են տառապանք կրում այդ բաժանումից, անորոշությունից, անտարբերությունից, անհուսությունից, դրանք պաշտպանված արժեքներ են:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ շահառուները շատ են, գանգատը ներկայացվել է՝ անձանց, ընտանիքների դիմումների հիման վրա, և ակնկալում են, որ Ստրասբուրգի դատարանը կարձանագրի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքներն ու ապահովել ընտանիքի անդամների վերամիավորումը: Այս ու նաև Լեռնային Ղարաբաղում արձանագրված սովամահության դեպքի վերաբերյալ փաստերը, իրավապաշտպանի խոսքով, պետք է համալրեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի հայցերն ու պահանջի հիմքերը:
Արտակ Զեյնալյան - Կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի ակտերը ի կատար ածվեն, դա ժամանակակից աշխարհակարգի բաղադրիչներից է կարևորագույն, եթե չպետք է լինի ուժի կիրառման սպառնալիքով հարցերի լուծում, պետք է լինի իրավական մեխանիզմ, այլապես պետությունները կդիմեն այդ քայլին՝ ուժի սպառնալիքին: Անդամ պետություններն իրենց դիրքորոշումն արտահայտել են, որ պետք է կատարվեն դատարանի ակտերը:
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների խոշտանգման, սպանության դեպքերով վերջին երեք տարում Ադրբեջանի դեմ Եվրադատարանի կայացրած 6 վճիռներին. Զեյնալյանի խոսքով՝ Բաքուն չի կատարում անգամ վճիռներով նախատեսված արդարացի փոխհատուցումը. այդ առնչությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե են ներկայացրել գրություններ: Կոմիտեի հետ այս պահին մի քանի գործով նամակագրության փուլում են: