ՌԴ-Ն ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանը կարող է վերանայել կասետային զինամթերք չկիրառելու մասին որոշումը, քանի որ Կիևը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 11-րդ համաժողովում։ Նա զգուշացրել է՝ Ռուսաստանը ևս կասետային զինամթերք ունի ու մինչև հիմա այն չի օգտագործել միայն հումանիտար նկատառումներով: Շոյգուի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը կարող է փոխվել Կիևին կասետային զինամթերք մատակարարելու՝ ԱՄՆ որոշման ֆոնին։
ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել է Մոսկվա-Պեկին գործակցությանը, նշել՝ կողմերը զարգացնում են ռազմական շփումները։ «Ռուսաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերներ են, լավ հարևաններ և բարեկամներ»,- ընդգծել է նախարարը, վստահեցրել՝ երկու երկրի զարգացող հարաբերությունները վտանգ չեն ներկայացնում որևէ մեկի համար։ Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրները ռազմական մատակարարումներով սրում են Թայվանի շուրջ իրավիճակն այնպես, ինչպես դա արել են Ուկրաինայի դեպքում:
ՀԱՊԿ-ի մասով էլ Շոյգուն ընդգծել է՝ Մոսկվան, ինչպես և նախկինում, պատրաստ է զենք մատակարարել, զինծառայողների համար վերապատրաստումներ, համատեղ զորավարժություններ անցկացնել՝ այդպիսով օգնելով ՀԱՊԿ-ի դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում։
«Չնայած Եվրոպայում տիրող ծանր իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարը և Ռուսաստանի դաշնակիցներին աջակցությունը պաշտպանության նախարարության գերխնդիրներից են»,- նշել է Շոյգուն:
ԱՊՀ, ՀԱՊԿ ԵՎ ՇՀԿ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱԹԱՐՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. ԽՐԵՆԻՆ
ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԲՐԻԿՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը Բելառուսը դիտարկում է որպես անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ՝ հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը` մոսկովյան XI համաժողովում։ Վիկտոր Խրենինը նշել է, որ անվտանգության ապահովման համար ազգերը պետք է միավորվեն: Նա պնդել է, թե գործադրվող «ինտեգրացիոն ջանքերը խափանում են Արևմուտքի ծրագրերը», որը, նախարարի խոսքով, ցանկանում է պետությունների միջև տարաձայնություններ սերմանել:
«Չեմ ուզում հերթական անգամ կրկնել և հիշեցնել՝ որքան վտանգավոր է նման պայմաններում ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի միասնության խաթարումը»,- հավելել է Խրենինը։
Նա հավելել է, որ աշխարհում տիրող իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ միայն համախմբվելով է հնարավոր հաղթահարել աշխարհակարգի ձևավորման այս բարդ փուլ։ «Հենց այդ պատճառով ենք ավելի հաճախ խոսում ինտեգրման խորացման անհրաժեշտության մասին»,- ասել է Խրենինը։
ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իրանի հոգևորականության գործերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով: Այս մասին տեղեկացրել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Նախկին նախագահը պետք է պատասխանի մի շարք հարցերի»,- նշել է Սեթայեշին, հավելել՝ Ռոհանին մեղադրվում է նաև Իրանի ֆոնդային բորսայի աշխատանքին միջամտելու համար:
ՊԱՅԹՅՈՒՆ ՄԱԽԱՉԿԱԼԱՅԻ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մախաչկալա քաղաքի բենզալցակայաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տուժել է ավելի քան 100 քաղաքացի։ Տեղական իշխանությունը զգուշացնում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Դաղստանում սուգ է հայտարարվել: Տարածաշրջանային բուժհաստատություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: