Շոկոլադի հայկական բիզնեսը 20 օր է՝ ինչ աշխատում-արտադրանք է տալիս նոր չափանիշներով։ Պատճառը հուլիսի վերջից ուժի մեջ մտած ԵԱՏՄ միասնական պահանջներն են։ Տեխնիկական կանոնակարգը նախ տարանջատել է քաղցր ապրանքն ըստ տեսակների՝ շոկոլադ, շոկոլադային գլազուր, շոկոլադային արտադրանք, շոկոլադային զանգված և կակաո արտադրանքներ ու յուրաքանչյուրի համար բաղադրության պարտադիր կետեր սահմանել: Մի քանիսն առանձնացնում է էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետը։
Մարիաննա Խաչատրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ) - Կախված տեսակից՝ շոկոլադը պետք է պարունակի 35 տոկոս և ավելի ընդհանուր կակաոյի չոր զանգվածի և 18 տոկոս կակաոյի յուղ, իսկ կաթնայինի տարբերակում՝ 25 տոկոս և 12 տոկոս կաթնային ճարպ, ընդ որում՝ չի թույլատրվում օգտագործել շոկոլադե և կակաոյի արտադրանքի համի և բույրի նմանակող բուրավետիչներ:
Կակաոյի կամ կաթի հոտ-համ տվող արոմատիզատորներ օգտագործելու սահմանափակումն ընդհանուր է․ գործարաններն իրավունք չունեն ներքին շուկայում սպառման համար արտադրվող ապրանքն այլ որակի արտադրել, արտահանվողը՝ այլ։ Իսկ հայկական շոկոլադը, պարզվում է, երկրից դուրս վաճառքի է գնում՝ ԱՄՆ-ից Իրան, տարբեր ուղղություններով՝ վիճակագրական տվյալներն են ներկայացնում արտահանման թույլտվություններ տվող ՍԱՏՄ-ից։
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Այս տարի շոկոլադի արտահանման ծավալները բավական մեծ են՝ արտահանվել է մոտ 53.400 կգ շոկոլադ, արտահանվել է Վրաստան, ԱՄՆ, Բահրեյն, Իրան, Քուվեյթ, ամենաշատը Իրան ուղղությունն է: Արտահանել են մեծ ու փոքր թվով 11 ընկերություններ:
ԵԱՏՄ բոլոր 5 պետություններում շոկոլադի արտադրության ու վաճառքի միասնական չափանիշների կիրառումը սպառողին կազատի անորակ ապրանք գնելու ռիսկից՝ պարզաբանում են պահանջների հստակեցման բանակցություններին Հայաստանը ներկայացնող պետական կառույցից։ Քննարկումներին, ի դեպ, մասնակցել են մեր նաև խոշոր արտադրողները․ նրանք մինչև այս փոփոխությունն էլ առաջնորդվում էին ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներով, այնպես որ, արտադրությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու որևէ դժվարություն չունեն՝ վստահեցնում է Մարիաննա Խաչատրյանը։
Մարիաննա Խաչատրյան - Մեր մեծ շուկայի ամենածավալուն խաղացողները որևէ խնդիր չունեն, որովհետև մինչ այդ էլ իրենք առաջնորդվում էին միջազգային ստանդարտով՝ կոդեքս Ալիմենտարիումի չափանիշներով: Բնական ա, մենք մտահոգ ենք մեր արտադրողների համար, մենք մտահոգ ենք, որ շուկայի ծավալներն ընդլայնվեն և ոչ թե կրճատվեն, նոր պահանջները կապահովեն ավելի որակյալ արտադրանք մեր սպառողական շուկայում և թյուրիմացության մեջ չեն գցի:
Շոկոլադային այս փոփոխությունը ԵԱՏՄ-ն սկսել էր Բելառուսի նախաձեռնությամբ։ Քաղցրի շուրջ համաձայնեցումները տևեցին մոտ 9 տարի։