Հայաստանում այս տարի աշխատավարձի զգալի աճ է արձանագրվել։ Հունիսի միջին աշխատավարձը կազմել է 267.691 դրամ, որը 13.8%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Պետական հատվածի աշխատավարձը կազմում է 203.864 դրամ, աճը նախորդ տարվա համեմատ 10.8% է: Մասնավոր հատվածում հունիսի աշխատավարձը 293.304 դրամ է, որը 14%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Մի շարք ոլորտներում մասնագետների զգալի պակասն է աշխատավարձերի բարձրացման պատճառը, նշում է Գործատուների հանրապետական միության նախագահը:
Գագիկ Մակարյան (Գործատուների հանրապետական միության նախագահ) - Շինարարական ոլորտում սվաղը, սանտեխնիկայի աշխատանքները շատ բարձրացել են:
Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 6 հազարով ավելացել է նոր գրանցված կազմակերպությունների թիվը: Այսօր Հայաստանում զարգանում է նաև աութսորսինգը, այսինքն՝ հայ մասնագետները մեր երկրից ծառայություններ են մատուցում դրսի շուկայի համար:
Գագիկ Մակարյան - ՏՏ ոլորտը զարգացած է, հաշվապահությունը կարող է մտնել եվրոպական շուկա:
Մակարյանն ասում է՝ բիզնես կանոնի համաձայն՝ օտարերկրյա ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ աշխատուժն ավելի էժան է: Իսկ արդյոք աշխատավարձերի բարձրացումը չի՞ բերի մրցունակության անկման:
Գագիկ Մակարյան - ՏՏ ոլորտում մրցունակ ենք, ինժեներական ոլորտում մրցունակ ենք, դրանք այնքան են, որքան այլ երկրներում կան ու կարում են:
Հայաստանում տարբեր ոլորտներում արդեն կարելի է տեսնել նաև օտարազգի աշխատակիցների, բացատրությունը նույնն է՝ մասնագետների պակասը:
Գագիկ Մակարյան - Հայաստանում, ասում են՝ կա 35 հազար հնդիկ, օրական գալիս են 30-100 հնդիկ: Նրանք հո միայն շինարարությունում չե՞ն աշխատում:
Մեր երկրում բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկը մի փոքր մեղմել են ռելոկանտներն ու պետական ծրագրերի միջոցով Հայաստանում հաստատված մասնագետները:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ներհոսք եղել է այնպիսի մասնագետների, որ ստեղծում է բավական մեծ արդյունք:
Էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքում, որ մասնավոր հատվածի համեմատ պետական համակարգում որոշակի խնդիրներ կան աշխատավարձերի մրցունակության և երիտասարդ կադրերի համալրման առումով:
Ռաֆայել Գևորգյան - Երիտասարդ տաղանդի ներգրավումը և պատկերացնի հանրային ծառայության աճի տրամաբանության մեջ և մրցունակության բարձրացումը մասնավորի հետ:
Աշխատաշուկայում մասնագիտական կարողությունների զարգացման, վերապատրաստման և արտադրողականության բարձրացման նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան