Դեղորայքի և բժշկական պարագաների բացակայության պատճառով հեմոդիալիզ ստացող հիվանդները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ տարհանվում են Լեռնային Ղարաբաղից: Մասնագետների գնահատմամբ՝ սա նրանց կյանքը փրկելու միակ տարբերակն է: Արդեն իսկ երեքի փոխարեն երկու սեանսի հետևանքով 2 մարդ վերականդանացման բաժանմունք է տեղափոխվել:
Քրիստինե Ավագիմյան (Ստեփանակերտի ՀԲԿ հեմոդիալիզի բաժնի վարիչ) - Շրջափակման հետևանքով մենք չենք կարող ապահովել դեղորայքի և անհրաժեշտ բժշկական սարքավորումների հիմնական համալրումը՝ կազմակերպելու համար հեմոդիալիզի սեանսները: Դրանով պայմանավորված՝ մենք ստիպված ենք հետագա բուժման նպատակով մեր հիվանդներին ուղարկել Երևան, հուսամ՝ ժամանակավոր:
Վերջին օրերին հեմոդիալիզ ստացող 19 քաղաքացի Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան, ևս 10 բուժառուի տեղափոխումը կազմակերպվել է այսօր: 56-ամյա Հասմիկ Սիմոնյանը դժվարությամբ է հեռանում ընտանիքից, բայց այլընտրանք չունի՝ առողջությունը վտանգված է:
Հասմիկ Սիմոնյան (բուժառու) - Մի օրից էլ բերեն, հետ կգամ, մեծ ուրախությամբ:
Սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց առողջությունը Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում վատացել է: Հատուկ սննդակարգին հետևելու հնարավորության բացակայությանն ավելացել է վառելիքի սղությունը՝ հեմոդիալիզի ստացման համար շրջաններից դժվարությամբ են հասնում Ստեփանակերտ: Տիկին Նինան ամուսնուն է ուղեկցում Երևան:
Նինա Բադունց (խնամակալ) - Գնում եմ այն նպատակով, որ շուտ դեղերը կբերեն, մենք էլ կվերադառնանք մեր տուն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը կազմակերպում է փոխադրումը, ծանուցում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որ ճանապարհին պատասխանատվություն չի կրում իրենց անվտանգության համար: Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո հեմոդիալիզ ստացող 10 հիվանդ հրաժարվել է մեկնելուց:
Քրիստինե Ավագիմյան - Նրանց զգուշացրել ենք, որ մնալու են առանց բուժման: Նրանք գիտեն, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը, ցավոք: Բայց նման որոշում են կայացրել:
Վերա Հովսեփյանը մեկն է այն 10-ից, որը չի ուզում հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Չի թաքցնում՝ վախենում է, որ հետո անգամ հայրենի հողում ամփոփվելու հնարավորություն չունենա:
Վերա Հովսեփյան (բուժառու) - Ես ուզում եմ գամված սայլակին՝ մեռնեմ այստեղ ու թաղվեմ իմ գերեզմանոցում:
Առկա ռեսուրսներով Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ստացումը կարող են ապահովել ևս երկու շաբաթ: Տեղափոխված հիվանդների բուժումը կկազմակերպվի Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններում:
Հեղինակ՝ Լիլիթ Դանիելյան