Դատապարտյալների վերասոցիալականացման համար պետությունը միջոցներ է հատկացնում, դասընթացներ կազմակերպում, բայց իրավապահ որոշ մարմիններ նրանց ձեռքբերումները չեն արժևորում, համարում են անիմաստ ու ձևական. դատապարտյալների արձագանքն է պետության վերասոցիալականացման ծրագրին:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ դիմումները հիմնականում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից են: Իրավապաշտանը նկատեց՝ վերջին տարիներին պետությունն ավելի լայն թափով է իրականացնում դատապարտյալների վերասոցիալականացման քաղաքականությունը, և այդ փաստն արձանագրում են նաև դատապարտյալները, բայց սրան զուգահեռ դատախազությունն ունի մտավախություն, որ նրանք չեն վերասոցիալականացվել, և շատ բան ձևական է:
Նարե Հովհաննիսյան («Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ) - Սակայն դատախազությունը, դա նաև դատապարտյալների կարծիքն է, դեռևս պատժողական քաղաքականության տիրույթում է գործում։ Գիտեմ, որ վերահսկող դատախազներն այցելեն են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և այցելությունների հիմքում այդ մտահոգությունները փարատելն է:
Վերասոցիալականացումը դատապարտյալի կողմից հասարակությունում ընդունված արժեքների, նորմերի յուրացումն է. բացատրում է Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը, հիշեցնում՝ այդ ծրագրերին մասնակցությունից հետո տրվող եզրակացութունը զուտ խորհրդատվական է ու չի կարող պատժից վաղաժամ ազատվելու հիմք լինել դատարանի համար: Մանրամասնում է՝ անհրաժեշտ միավոր հավաքելու դեպքում անձի մասին զեկույցը համարվում է դրական, որը կարող է պայմանական վաղաժամկետ ազատման նախադրյալ լինել դատարանի համար:
Ծովինար Թադևոսյան (Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ) - Այսինքն՝ ամեն մի ցուցանիշի համար, օրինակ՝ դատապարտյալը ստացել է կրթություն՝ ստանում է 2 միավոր, արտաքին աշխարհի հետ կապն ինչպիսի՞ն է, աշխատե՞լ է, թե՞ ոչ՝ ստանում է համապատասխան միավոր, և այդ ցուցիչներ հանրագումարի արդյունքում դատապարտյալի մասին զեկույցը կազմվում է՝ դրական կամ բացասական
Ըստ Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետի՝ ներկայում 3 նմանատիպ կրթական ծրագիր է իրականացվում՝ մինչև 19 տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց ֆորմալ կրթություն, մյուսը ոչ ֆորմալ ծրագրերն են՝ օրինակ վարսավիրություն, կահույքագործություն, և երրորդը գեղագիտական դաստիարակությունն է: Նախորդ տարի դատապարտյալների կրթական կարիքների գնահատում է իրականացվել, պարզվել է, որ 200-ից ավելի դատապարտյալ միջնակարգ կրթության ատեստատ անգամ չի ունեցել:
Հասմիկ Հովակիմյան (ՀՀ ԱՆ Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ) - Անցած տարվա սեպտեմբերից մոտ 90 հոգի ունեցանք սովորողներ, այս տարի ևս հավաքագրվել են, ունենք ցուցակ՝ 66 հոգանոց, իրականացվում է 6 քրեակատարողական հիմնարկում։
Քրեակատարողականներում, որտեղ իրականացվում են վերասոցիալականացման դասընթացներ, ագրեսիվության աստիճանը բավականին նվազել է, դատապարտյալների շրջանում ինքնավնասումների հակումները էականորեն նվազել են․ իրավապաշտպանի գնահատականն է: Նարե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դատապարտյալները կրթությունը դիտարկում են որպես հասարակություն վերադառնալու կարևոր նախապայման։
Հեղինակ՝ Անի Օհանյան