Ակնկալվում է, որ Հայաստանում մայիսին հիմնված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնն աշնանն արդեն կսկսի գործել: Արշակունյաց պողոտայում տեղակայված կենտրոնի շենքն այս պահին նորոգվում է: Օգոստոսի 11-ի նիստում Կառավարությունն ընդունեց կենտրոնի գործունեությանը և մեր երկրում արբիտրաժի զարգացմանն օժանդակելու որոշում:
Տիգրան Դադունց (ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Ամենակարևոր աջակցությունը, որ կենտրոնը ստացել է, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի միջոցներից կենտրոնի ստեղծմանը, գործունեությանը ֆինանսավորում տրամադրելն էր: Մոտ 350 մլն դրամ է տրամադրվել ԵՄ բյուջետային միջոցներից այդ կենտրոնի մեկնարկին, գործունեությանը:
Պետության օրենսդրական աջակցությամբ ստեղծվող կենտրոնը հիմնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ու մասնագետների մասնակցությամբ: Կենտրոնին տարբեր ծրագրերով օժանդակում են նաև Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրոպայի խորհուրդը: Տիգրան Դադունցը մանրամասնում է՝ կենտրոնն աջակցելու է վեճերի լուծման այլընտրանքային՝ արբիտրաժի, հաշտարարության եղանակների կիրառմանը, իրականացնելու է կրթական, վերապատրաստման, կոնֆերանսների կազմակերպման ծրագրեր:
Տիգրան Դադունց - Կենտրոնն ունենալու է հոգաբարձուների խորհուրդ, որը կառավարման բաձրագույն մարմինն է, 9 հոգուց բաղկացած, ներկայացված են հիմնադիրներ, բիզնեսի ներկայացուցիչներ՝ Կառուցապատողների միություն, ՏՏ միություն, Օպերատորների միություն, Փաստաբանական ակադեմիա, ԿԲ, քանի որ բանկերը, վարկային կազմակերպությունները համարվում են արբիտրաժի կարևոր շահառու:
Հիմնադիրները երեքն են՝ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Ամերիկայի հայ իրավաբանական միությունը: Կենտրոնի տնօրենը լինելու է նաև գլխավոր քարտուղարը արբիտրաժային և հաշտարարության վարույթներում: Կենտրոնն ունենալու է հատուկ արբիտրաժային խորհուրդ, որտեղ ներգրավված են լինելու հայ և օտարազգի 10-ից ավելի հեղինակավոր մասնագետներ:
Տիգրան Դադունց - Կենտրոնը, բնականաբար, ունենալու է նաև իր արբիտրների դատավորների ցանկը՝ հատուկ չափանիշներով ընտրված: Կողմերն իրենց վեճերը կենտրոն բերելով՝ կարող են կամ ընտրել ցանկից արբիտր, կամ կարող են թեկնածուին ներկայացնել, իրենց գործը քննվի:
Կենտրոնն ունենալու է նաև արբիտրաժային՝ դատավարական կանոններ, որոնք հնարավորություն կտան գործերը քննել ավելի արագ, պրոֆեսիոնալ և միջազգային բիզնես միջավայրի համար ընդունելի չափանիշներին համապատասխան: Պետական գնումներ, կառուցապատման, IT ոլորտներին վերաբերող գործեր, բանկերի ու վարկային կազմակերպությունների հայցեր, աշխատանքային վեճեր. սրանց քննությունն ավելի արագ ու արդյունավետ կկատարվի՝ նեղ մասնագիտացմամբ ու փորձառու արբիտրների կողմից:
Տիգրան Դադունց - Նպատակը՝ ներդրումային դաշտի բարելավում, խթանում, եթե տեսնում են, որ կա անկախ, ինստիտուցիոնալ կառույց, կարևոր ազդակ է, տնտեսական ակտիվությանն են անդրադառնում դրականորեն, արբիտրաժում մի քանի ամսում կարող է լինել: Դատական համակարգի ծանրաբեռնվածության առումով:
Երևանում սեպտեմբերի 4-ին սպասվում է արբիտրաժի արդի հարցերին նվիրված միջազգային համաժողով, որի ժամանակ կտրվի Հայաստանում արբիտրաժի կենտրոնի գործունեության պաշտոնական մեկնարկը: