Ոչ միայն զբոսնելու, այլև սովորելու և աշխատելու նպատակով են Հայաստան գալիս: Այս տարվա առաջին կիսամյակում մեր երկիր 2 միլիոն 82 հազարից ավելի մարդ է ժամանել, ելքերի թիվը մոտ 2 միլիոն 64 հազար է՝ դրական տարբերությունը գերազանցում է 18 հազարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը մոտ 2000-ով ավելի է:
Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Մենք երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ սովոր ենք սահմանահատումների տարբերությունը տեսնել և արձանագրել բացասական ցուցանիշի տեսքով, բայց որոշակի միտումների տարբերություն վերջին տարիներին արձանագրում ենք:
Թեև Հայաստանի քաղաքացիները հիմա էլ ավելի շատ հեռանում են, քան մուտք գործում, բայց այս առումով ևս նախորդ տարվա համեմատ դրական դինամիկա կա: 2022-ին մուտք-ելք հարաբերակցությունը - 42.000 է եղել, այս տարի՝ -26.000: Օտարերկրացիների դեպքում պատկերն այլ է. ավելի քան 44.000 մարդ ավելի շատ ժամանել, քան հեռացել է մեր երկրից, նախորդ տարի այս ցուցանիշը 56.000 էր:
Նելլի Դավթյան - Օտարերկրացիների սահմանահատումների դրական մնացորդը որոշակիորեն կոմպենսացվում է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բացասական մնացորդի հետ, և արդյունքում մենք արդեն երկրորդ տարին է, որ, այնուամենայնիվ, գրանցում ենք դրական ցուցանիշ, ընդհանուր մնացորդի մասին է խոսքը:
Նախկինում մեր երկիր մուտք գործողների գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներն էին, իրավիճակը, սակայն, տարբեր գործոններով պայմանավորված, վերջին տարիներին փոխվել է՝ ընդհանուր թվի մեջ արդեն գերակշռում են օտարերկրացիները:
Աննա Փախլյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող) - Բնականաբար մեծամասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակով, քանի որ գերակշիռ մասը՝ 97տոկոսը օտարերկրացիների, ովքեր ժամանել են Հայաստան, հատել են ՀՀ սահմանը և դուրս չեն եկել, ռուսներն են:
Ըստ վիճակագրության՝ Հայաստան մուտք գործողների ընդհանուր թվի առաջատարը, ամեն դեպքում, հենց մեր երկրի քաղաքացիներն են, հաջորդում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան, Հնդկաստանը:
Աննա Փախլյան - Եթե նախկինում սահմանահատումների գերակշիռ մասը բաժին էր ընկնում ցամաքային տրանսպորտին, այսինքն՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով էին սահմանահատումներն իրականացվում, ապա ներկայումս արդեն փոխվել է համամասնությունը, և ավելի մեծ՝ 50 տոկոսից ավելին բաժին է ընկնում օդային տրանսպորտին:
Ի դեպ, օդային տրանսպորտով մուտքերը ելքերից շատ են, երկաթուղայինի և ավտոմոբիլայինի դեպքում պատկերը հակառակն է:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան