Անուշ Մուրադյան (Ակցիայի կազմակերպիչ խմբի անդամ) - Մենք պարտավոր ենք կանգնել Արցախի կողքին, Արցախը եղել է հայկական ու կպահենք հայկական հայերով միասին։
«Շրջափակում շրջափակման դիմաց» կարգախոսով՝ ամերիկահայերը երկրորդ օրն էё շրջապատել են շենքը, որտեղ գտնվում է Լոս անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։ Փակել են մուտքի դուռը, վրան ու շուրջբոլորը պաստառներ փակցրել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին գրություններով։ Իսկ ապակե դռան վրա արյունոտ ձեռքերի հետքեր են, որոնքб ըստ կազմակերպիչների, խորհրդանշում են Ադրբեջանի իշխանության գործելաոճն ու դաժանությունն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։
Գուրգեն Մկրտչյան (Ակցիայի կազմակերպիչ խմբի անդամ) - Սա իններորդ օրն էю գիշերը մնացել ենք այստեղ, սա ազերիների դեսպանատունն է, կան ուրիշ երկրների հյուպատոսություններ, և մենք նրանցից պահանջում ենք, որ չթողնեն և բարձրաձայնեն ուտելիքը որպես զենք օգտագործման պրոցեսը, որ այսօր Ալիևի իշխանությունն անում է Արցախում։
Ամերիկահայ ցուցարարներն ակնկալում են, որ իրենց բողոքի ձայնը կլսեն նաև Լոս Անջելեսի դիվանագիտական թաղամասի շենքում տեղակայված նաև այլ դիվանագիտական ներկայացուցչություններում։ Կլսեն ու իրենց մայրաքաղաքներին կհորդորեն արդարացի դիրքորոշում որդեգրել Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեմայով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ չորեքշաբթի կայանալիք նիստի ընթացքում։
Անուշ Մուրադյան (Ակցիայի կազմակերպիչ խմբի անդամ) - Ուտելիքը չպետք է որպես զենք օգտագործվի, և նրանք ստորագրել են այդ սկզբունքի տակю այսինքն ժամանակն է նրանց հիշեցնել, որ դուք ստորագրել եք, պարտավոր եք կատարել ձեր պարտականությունները:
Ամերիկահայ ցուցարարներին միացել էր նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը։ Նա խոստացավ Լոս Անջելեսի բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին նամակ հղել ու հորդորել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դիրքավորվել հօգուտ Լեռնային Ղարաբաղի հայության, հօգուտ մարդու իրավունքների, և պատժամիջոցներ պահանջել այդ իրավունքները ոտնահարող Ադրբեջանի դեմ։
Փոլ Կրեկորյան (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ) - Հենց այս պահին Արցախում, հարյուր քսան հազար մարդ սովի է մատնված Ադրբեջանի բռնապետ, բռնակալ ղեկավարի կողմից։ Բռնապետ, որը սպառնացել է ոչնչացնել ոչ միայն Արցախի հայերին, այլև ամբողջ հայ ժողովրդին, բռնապետ, որը խոստացել է շարունակել հայերի ցեղասպանությունը։ Դրա շարունակությունը տեղի է ունենում Արցախում՝ հենց հիմա։
Ամերիկահայ գործիչները նշում են՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայության կողքին կանգնի ոչ միայն հայ համայնքը, այլև բոլոր նրանք, ում համար արժեքավոր են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդկության դեմ հանցագործությունների կանխումը։
Փոլ Կրեկորյան - Բավարար չէ ասել՝ մենք հայ համայնքի բարեկամն ենք: Դուք պետք է գործեք հենց հիմա, պետք է դիմեք կոնգրեսականներին, նախագահին, դիմեք նրանց, ովքեր ձեզ հասանելի են ԱՄՆ դաշնային իշխանությունում, ու պահանջենք, որ մեր երկիրը կանգնի ի պաշտպանություն այդ սկզբունքների ու փրկի Արցախի ժողովրդին կործանումից։
Մինչ ցուցարարները շարադրում էին պահանջները, հայտնի դարձավ, որ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Բայդենին ու պետական մի քանի պաշտոնյաների` պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Կոնգրեսականը նամակում նշում է. «Նախաձեռնեք Անվտանգության խորհրդի բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որը կնախատեսի ՄԱԿ-ի փորձագետների թիմ տեղակայել Արցախում մարդու իրավունքների և մարդասիրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և անկախ զեկույց պատրաստելու համար, ինչպես նաև պատժել Ադրբեջանին միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտումների համար»։
Շիֆը պահանջել է նաև ինչ որ ձև գտնել՝ օդով կամ ցամաքով շտապ օգնություն հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ սովամահության դեպքերը կանխելու համար, և վերջապես՝ անձամբ զանգահարել Ալիևին ու պահանջել դադարեցնել շրջափակումը։
Ամերիկահայ ցուցարարները հայտնեցին, որ Ադրբեջանի հյուպատոսության շենքի գիշեր-ցերեկ փակ կպահեն, քանի դեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից չեն ստացել իրենց ու կոնգրեսական Շիֆի նամակում գրված պահանջները բավարարող պատասխան։