Ռուսաստանը կարող է վերանայել կասետային զինամթերք չկիրառելու մասին որոշումը, քանի որ Կիևը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 11-րդ համաժողովում։
Նա զգուշացրել է՝ Ռուսաստանը ևս կասետային զինամթերք ունի ու մինչև հիմա այն չի օգտագործել միայն հումանիտար նկատառումներով: Շոյգուի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը կարող է փոխվել Կիևին կասետային զինամթերք մատակարարելու՝ ԱՄՆ որոշման ֆոնին։
ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել է Մոսկվա-Պեկին գործակցությանը, նշել՝ կողմերը զարգացնում են ռազմական շփումները։ «Ռուսաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերներ են, լավ հարևաններ և բարեկամներ»,- ընդգծել է նախարարը, վստահեցրել՝ երկու երկրի զարգացող հարաբերությունները վտանգ չեն ներկայացնում որևէ մեկի համար։ Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրները ռազմական մատակարարումներով սրում են Թայվանի շուրջ իրավիճակն այնպես, ինչպես դա արել են Ուկրաինայի դեպքում:
ՀԱՊԿ-ի մասով էլ Շոյգուն ընդգծել է՝ Մոսկվան, ինչպես և նախկինում, պատրաստ է զենք մատակարարել, զինվորների համար վերապատրաստումներ, համատեղ զորավարժություններ անցկացնել՝ այդպիսով օգնելով ՀԱՊԿ-ի դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում։
«Չնայած Եվրոպայում տիրող ծանր իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարը և Ռուսաստանի դաշնակիցներին աջակցությունը պաշտպանության նախարարության գերխնդիրներից են»,- նշել է Շոյգուն: