Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի տարելիցն է: 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվեց 16 քաղաքացի, 1 մարդ անհետ կորած է համարվում, ևս 60-ը տարբեր մարմնական վնասվածքներ ստացան: Առևտրի կենտրոնում վերջին ստուգումը տեսչական մարմինը այս տարվա մարտի 21-ին է իրականացրել: Հայտնաբերված թերությունների մի մասը շտկվել է, առավել ժամանակատար և ծախսատար խնդիրները լուծելու համար կենտրոնի տնօրինությանը մինչև օգոստոսի վերջ ժամանակ է տրվել: Առաջիկա օրերին վերստուգումներ կսկսվեն:
Կարինե Գևորգյան - Երբ առաջին պայթյունը լսեցինք, դուրս եկանք, երկու պայթյուն, և կորանք մոխրի մեջ: Զոհվածների 70 տոկոսն այստեղի աշխատող էր: 5-6 ամիս հաճախորդները դժվարությամբ էին գալիս, մարդիկ կային, չէին կարող գալ, արդեն քիչ-քիչ գալիս են:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո վերջին ստուգումներն իրականացվել են այս տարվա մարտի 21-ին: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արձանագրել է հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ: Տեսչական մարմինը կայացրել է առևտրի կենտրոնն ամբողջությամբ փակելու և աշխատանքը դադարեցնելու որոշում: Սահմանվել է ժամկետ՝ վերացնելու հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Մինչև որ առաջնահերթության կարգով խնդիրները շտկվել են, տնօրինությունը դիմում է ներկայացրել տեսչական մարմին, որ այս-այս կետերով խախտումները շտկվել են, տեսչական մարմինը եկել, ստուգել է, արձանագրել է, որ իքս կետերով խախտումները շտկվել են, դիմումի հիման վրա վերաբացման որոշում ենք կայացրել:
Բոլոր թերություններն ու առավել ժամանակատար և ծախսատար խնդիրները լուծելու համար առևտրի կենտրոնի տնօրինությանը ժամանակ է տրվել մինչև օգոստոսի սկիզբ: Տեսչական մարմինը, տարեկան ստուգումների ծրագրին զուգահեռ, առաջիկա օրերին կսկսի վերստուգումները: Առևտրի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վարդան Մանուկյանը մեր նկարահանման պահին աշխատավայրում չէր: Հեռախոսազրույցում հրաժարվեց որևէ որևէ հարցի պատասխանելուց:
Վարդան Մանուկյան («Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, ստորագրություն եմ տվել, որ ոչ մի հարցի չեմ պատասխանի:
«Սուրմալուի» դեպքից հետո վարչապետը հանձնարարեց լայնածավալ ստուգումներ իրականացնել առևտրի բոլոր խոշոր կենտրոններում, հասարակական օբյեկտներում, պահեստներում՝ պայթուցիկ նյութերի հայտնաբերման, դրանց նկատմամբ հսկողության համար: 2022-ի սեպտեմբերից 2023-ի հունիս հսկողություն է կատարվել մոտ 300 օբյեկտում:
Ելենա Զոհրաբյան - Ունենք 3 տասնյակի հասնող փակման որոշումներ, որոնցով ժամանակավոր մասնակի կամ ամբողջական տրվել են որոշումներ՝ մինչև խախտումների վերացումն ու դրանք նորմատիվ իրավական դաշտի պահանջներին համապատասխանեցումը:
Բոլոր օբյեկտներում խախտումները գրեթե համանման են՝ էլեկտրահաղորդման գծերի, մոնտաժման աշխատանքի հետ կապված թերություններ, կրակմարիչների սահմանված քանակի, հրշեջ հիդրանտների, ջրավազանների տեղակայման, արտաքին հրդեհաշիջման խնդիրներ: Արձանագրվել է նաև, որ օբյեկտները սարքավորված չեն հրդեհի ազդանշանի ինքնաշխատ համակարգերով, հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը բացակայում են կամ սարքին չեն:
Ելենա Զոհրաբյան - Պետք է համապատասխան փակված, անվտանգ պայմաններով լինեն, որ հրդեհի պատճառ չլինեն: 2023-ի հսկողությունից հետո է արվել: Տաղավարներում կրակմարիչների, ինքնաշխատ համակարգերի, որ պետք է փոխանցի լիազոր մարմնին, տեղադրված է, միացումներն արված են:
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ առաջիկա ստուգումների ընթացքում, եթե պարզվի տրված կարգադրագրով և սահմանված ժամանակացույցով շտկվել են թերությունները, առևտրի կենտրոնները, տոնավաճառները կշարունակեն բնականոն աշխատանքը, խախտումները չվերացնելու դեպքում կկայացվի աշխատանքի կասեցման որոշում: