Երևանի Գրիգոր Լուսավորչի-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը, որը տարիներ շարունակ գարշահոտ ու մութ տարածք է, շուտով կնորոգվի: Արդեն հայտնի է նախագծող ընկերության անունը, 11 մլն դրամ արժողությամբ նախագիծը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին: Անցումը կծառայի նաև որպես առևտրի կենտրոն՝ միջավայրային լուսավորությամբ ու ապակե ծածկերով:
Մոտավորապես այսպիսի տեսք է ունենալու Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը: Նախատեսվում է այնտեղ կառուցել առանձնացված տաղավարներ, ստեղծել կանաչ գոտի, լուսավորության նոր համակարգ, ապակեպատ ծածկ:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Ամբողջական առևտրի կենտրոնի տիպի գետնանցում ենք ունենալու՝ չորս-հինգ մուտքերով, դրան զուգահեռ տարածքի՝ նույնիսկ ստորգետնյա հատվածում պատերը ունենալու են կախովի այգիների տարբերակներ՝ այսինքն՝ կանաչապատում է ունենալու՝ բարձրացող ծառերով, թփերով: Մատչելիության խնդիրն ենք լուծելու արդեն մեզ համար, մեր թիմի համար նորմալ դարձած, օրինական դարձած վերելակների տարբերակով, եթե թեքահարթակի խնդիր ունենք, վերելակների ու էսկալատորների միջոցով ենք հարցերին լուծում տալիս:
Դեռևս 4 ամիս առաջ նախագծման մրցույթ էր հայտարարվել: Մրցույթի պայմաններից էր ստանալ կա՛մ ստորգետնյա ավտոկայանատեղի, կա՛մ ամբողջությամբ վերակառուցել ստորգետնյա հետիոտնային անցումը: Ընտրվեց երկրորդ տարբերակը, քանի որ տարածքում ավտոկայանատեղի ունենալ հնարավոր չէ: Կողքի շենքերը պատմամշակութային հուշարձաններ են, և դրանց անվտանգությունը, ըստ Խորեն Գրիգորյանի, շատ ավելի կարևոր է, իսկ նմանատիպ խորքային աշխատանքներ իրականացնելու դեպքում սեյսմակայունության խնդիր կառաջանար:
Խորեն Գրիգորյան - Մենք քանի որ նախապես նախատեսել էինք նաև ավտոկայանատեղի հարց լուծել, մենք ունենք առաջարկ էսքիզային՝ քաղաքապետարանի հարակից տարածքում ավտոկայանատեղի ստանալ, նաև ունենալ անցումներ նույնատիպ, և էստեղ մոտ 1100 քառակուսի մետր տարածք ենք ունենալու:
Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից գետնանցումի վերակառուցման նախագիծը նախատեսում են ստանալ մինչև սեպտեմբերի վերջ:
Խորեն Գրիգորյան - Այս պահին քանի որ պատկերացում չունենք՝ ինչ չափի գումարների մասին ա խոսքը, կա՛մ կնախատեսենք Երևան քաղաքի 24 թ. բյուջեով, կա՛մ 23-24 թվականի՝ այսինքն՝ մասնակի վերանորոգում կիրականացվի՝ 23 թ. մինչև տարեվերջ, և ամբողջական 24 թ. կվերանորոգվի գետնանցումը: Որոշակի խնդիրներ ենք ունենալու նաև երթևեկության հետ կապված, հատկապես Մաշտոցից Հաղթանակի կամուրջ գնացող թունելի առաստաղը վերանորոգելու ժամանակ, ջրամեկուսացման շերտի և այլնի՝ սյուների ամրացման ժամանակ: Միգուցե որոշակի առումով ճանապարհը փակ լինի՝ երթևեկության փոփոխություն իրականացնենք, բայց դա 2024 թ. է արդեն մեզ սպասում:
Մրցույթի արդյունքներով նախագծումը կիրականացնի «Նյու արտ» ընկերությունը: Նախագծի արժեքը 11 մլն դրամ է:
Արտակ Դանիելյան (նախագծող ընկերության տնօրեն) - Ուսումնասիրությունների, եզրակացությունների շնորհիվ եկանք էն եզրահանգման, որ լուրջ կոնստրուկտիվ ուժեղացման կարիք ունի էստակադան, և հիմա էդ փուլում ենք:
Ընկերության տնօրենը նշում է՝ բարդ կառույց է, փորձելու են սեյսմազինվածության առումով հնարավորինս ամենաբարձր աստիճանի բերել և նախագիծը հանձնել քաղաքապետարանին:
Արտակ Դանիելյան - Էստեղ ակնհայտ երևում է, որ տարիների ընթացքում տեղի է ունեցել կոռոզիա, որի ընթացքում կոնստրուկցիան՝ թե՛ հեծանները, թե՛ սյուները, բավականին տուժել են, և էստեղ արմատուրան նույնիսկ տեղեր կա, որ կտրված է: Էդ առումով պատվիրվել է մեր կողմից սեյսմիկ եզրակացություն, որի եզրակացության հիման վրա արդեն մեր ինժեներները, մեր կոնստրուկտորները իրականացնելու են ուժեղացման աշխատանքներ:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունից հայտնում են՝ վերանորոգվելու են Երևանում գտնվող բոլոր գետնանցումները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան