ԱՎԻՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Երևանի տրանսպորտային ցանցում «ԳԱԶել» մակնիշի հին մեքենաներ այլևս չկան: Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ վերջին «ԳԱԶել»-ը գիծ է դուրս եկել նախորդ շաբաթ:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ես վստահ եմ, որ հասարակական տրանսպորտում իրականացվող բարեփոխումները, այն տեմպը, որ հաղորդել ենք, պետք է շարունակական դարձնենք, և մինչ այս տարվա վերջ երևանցիներն էականորեն ոչ միայն տեսնեն շարժակազմի փոփոխությունը, այլ նաև այդ ամբողջ համակարգի, միասնական համակարգի աշխատելու որակի փոփոխությունը:
ԿԼՈՒԾՎԻ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ ՎԹԱՐԱՎՏԱՆԳ ՀԱՏՎԱԾԻ ԽՆԴԻՐԸ
Քաղաքապետարանը նախատեսում է լուծել Արտաշատի խճուղու վթարավտանգ հատվածի խնդիրը. շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը զեկուցեց խորհրդակցության ընթացքում:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Այս պահին Արտաշատի խճուղին կապում ենք Հյուսիս-հարավին, իսկ Նորագավիթից դեպի Արտաշատի գյուղեր գնացող ճանապարհը էլ խաչմերուկային խնդիրներ չենք ունենալու, պարոն Ավինյան, էստակադա ենք կառուցելու, որով ամբողջությամբ լուծելու ենք այդ վթարավտանգ տարածքի խնդիրը: Սև կետը վերացնելու ենք այդտեղի:
ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ ՄԱՆՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քննարկված հաջորդ հարցով Տիգրան Ավինյանը հորդորեց խստորեն վերանայել նախկինում տրված մանսարդների կառուցման թույլտվությունները: Նախորդ շաբաթ անվավեր է ճանաչվել Թումանյան 39 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի մանսարդային հարկի կառուցման ապօրինի շինթույլտվությունը:
Տիգրան Ավինյան - Մանսարդների խայտաբղետ կառուցումը Երևան քաղաքում այլևս պետք է դադարեցնել: Այսինքն՝ ամեն մեկը, պարզ է, իր տանիքին ևս մեկ հարկ ուզում է: Շատերը նախկինում մեկ հարկ չէ, մեկ առանձնատուն են կառուցել, բայց դա պետք է դադարեցնել և այլևս այս մանսարդային հարկերի մասնավոր դիմումները չքննարկել:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ԿԱՌԱՆՁՆԱՑՎԵՆ
Քաղաքապետի տեղակալի հանձնարարությամբ՝ Երևանի 12 վարչական շրջաններում շների համար զբոսայգիներ կառանձնացվեն: Շինարարության և բարեկարգման վարչությունն արդեն ընտրել է տեղանքները:
Խորեն Գրիգորյան - Դավթաշեն վարչական շրջանում նախատեսված է կենտրոնական այգու վերջնամասը: Շենգավիթ վարչական շրջանում առաջարկվել է Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքը: Նուբարաշեն վարչական շրջանում՝ 6-րդ փողոցի սկզբնամասը, Արաբկիր վարչական շրջանում՝ Քանաքեռ ՀԷԿ-Վանավանի այգին, Ավան վարչական շրջանում՝ Բարեկամության այգու տարածքը, Քանաքեռ-Զեյթուն՝ Պարույր Սևակի պուրակի հարակից տարածքը»:
Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում շների համար զբոսայգիներ արդեն կան, սակայն Տիգրան Ավինյանի կարծիքով՝ դրանք բավարար չեն:
Տիգրան Ավինյան - Ես առաջարկում եմ՝ նույնիսկ այն վարչական շրջանները, որոնք որ ունեն արդեն այդ զբոսայգիները, նույնպես նոր տարածքներ հատկացնեն, որովհետև այս ծրագիրը շարունակաբար իրականացնելու ենք:
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹ ՎԹԱՐԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՆՈՐՄԱՅԻՑ ԱՎԵԼԻ
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև Երևանում վթարային ջրանջատումների խնդիրը: «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը հայտնեց՝ նախորդ շաբաթ վթարային ջրանջատումների քանակը եղել է նորմայից ավելի, պատճառը՝ քայքայված և հին ջրագծերն են:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան