Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքային իշխանությունը մասամբ կարգավորել է մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրը:
«Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա:
Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում:
Քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում: 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր...
Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօդերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով»,- նշված է հայտարարության մեջ: