Մայրաքաղաքային իշխանության համար պայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստուգի ներկայացված փաստաթղթերը և ընտրություններին մասնակցելու հնարավորություն կտա այն ուժերին, որոնց փաստաթղթերը համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին: Քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 18-ն է: Քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցության հայտը կարող է մերժվել, եթե տվյալ ուժի կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» օրենքին:
«Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը պետք է կանոնադրության մեջ հստակ արտացոլված լինի, պետք է ամրագրվեն կուսակցականների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը:
Ավագանու ընտրությանը մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարներն ինքնըստինքյան համարվում են նաև քաղաքապետի թեկնածու: Եվ այսպես՝ մայրաքաղաքի ղեկավար դառալու համար կպայքարեն կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ընտրապայքարին կմիանա «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, նորաստեղծ «Հաղթանակ» կուսակցությամբ ընտրապայքարի կգնա Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Գործադիր և օրենսդիր իշխանության նախկին ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն է, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ «Հանրապետություն» կուսակցության: «Լուսավոր Հայաստանը» Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորության կպայքարի: «Ուժը հայրենյաց» կուսակցությունը կառաջնորդի արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանը, ոչ թե Նատալյա Ռոտենբերգը՝ ինչպես նախապես հայտարարվել էր: Առաջադրումների փուլում փլուզվեց Եվրոպական կուսակցության և ՍԴՀԿ-ի դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էր լինելու: Եվրոպական կուսակցությունն ընտրության կգնա միայնակ, ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:
Առաջադրված ուժերից են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի առաջին համարն Արման Ղուկասյանն է, «Արդար Հայաստանը»՝ Նորայր Նորիկյանի առաջնորդությամբ, Երվանդ Թարվերդյանի առաջնորդությամբ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը: «Ժողովրդավարական համախմբում» կուսացությունը ՏԻՄ ընտրությանը կմասնակցի Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ: Քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել նաև «Հանրային ձայն» կուսակցությունը՝ նախագահ Արտակ Գալստյանի գլխավորությամբ, որը ձերբակալված է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ դաշինքը «Մայր Հայաստանն» է, որի կազմում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» և Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններն են: Դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որն արդեն իսկ մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել:
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ավագանու ընտրություններին, թեպետ տևական ժամանակ շրջանառվում էր «Պատիվ ունեմ» խմակցության մաս կազմող՝ «Հայրենիք» կուսակցություն նախագահ Արթուր Վանեցյանի անունը: ԲՀԿ-ն նույնպես հայտարություն է տարածել՝ չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին:
Երևանցիները քաղաքային նոր իշխանություն կընտրեն սեպտեմբերի 17-ին: Ավագանու անցողիկ շեմը կուսակցությունների համար 4 տոկոս է, իսկ դաշինքի համար՝ 6: Տեսականորեն հնարավոր է, որ ավագանիում հայտնվի նաև անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժ, քանի որ ավագանու կազմում ընդգրկված ուժերի թիվը առնվազն երեք պետք է լինի: Իրենց ծրագրերը քարոզարշավով մայրաքաղաքի բնակիչներին քաղաքական ուժերը կներկայացնեն օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
Հեղինակ՝ Անի Օհանյան