Հայկական կողմը մի քանի ամիս է՝ զգուշացնում է միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ է, որը վերածվում է հումանիտար աղետի՝ BBC Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Ութ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից: Կարծում ենք, որ հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում զանգվածային վայրագությունները։
BBC-ի լրագրողի հարցին՝ դիմե՞լ է արդյոք հայկական կողմը Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու պահանջով՝ Մհեր Մարգարյանը նշել է՝ «դիմել ենք, և ոչ միայն մենք»:
Մհեր Մարգարյան - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում ընդունեց, իսկ հուլիսին վերահաստատեց այն: Դրա համաձայն՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանն այդ պահանջը մինչ օրս չի կատարել:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունները և կոչերը՝ անվերապահորեն կյանքի կոչելու դատարանի՝ պարտադիր կատարման ենթակա միջանկյալ որոշումները:
Մհեր Մարգարյան - Մեկ ամիս առաջ մենք դիմել ենք Անվտանգության խորհուրդ՝ խնդրելով հրատապ գործողություններ ձեռնարկել և արձագանքել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ապահովել Միջազգային դատարանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների իրականացումը։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։ Այդ տարածք նույնիսկ Կարմիր խաչի մուտքն է սահմանափակված:
Մհեր Մարգարյանը հավելել է՝ հեղինակավոր մի շարք գիտնականներ, փորձագետներ էլ ահազանգում են, որ Ադրբեջանը մտադիր է ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: «Միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները»,- շեշտել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
«Բաքուն հերքում է ԼՂ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու համար ներկայացվող մեղադրանքները: Ի՞նչ կարող է անել ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- հետաքրքրվել է BBC-ի լրագրողը:
Մհեր Մարգարյան - Անվտանգության խորհրդի զինանոցում տարբեր գործիքներ կան։ Ամենաարդյունավետ տարբերակը կլինի այնպիսի բանաձևի ընդունումը, որը լիազորում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների իրականացումը՝ բացելով Լաչինի միջանցքը։ Արդեն երկու շաբաթ է՝ մարդասիրական բեռներով շարասյունը արգելափակված է սահմանին։
Մհեր Մարգարյանը եզրափակել է՝ ստեղծված իրավիճակը կապ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, «մարդիկ են տառապում»: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է՝ միջազգային հանրության միջամտությունն այսօր խիստ անհրաժեշտություն է՝ կանխելու զանգվածային վայրագությունները:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄՈՒՄԻՆ
Մինչ այդ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանություն է տարածել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումի կապակցությամբ: Գերատեսչությունը մեղադրել է Երևանին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խափանելու համար՝ նշելով, թե իբր հայկական կողմը փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական գործիքի։
Բաքվից հերթական անգամ պնդել են, թե իբր Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ չկա, իսկ Ադրբեջանի գործողություններն իրավաչափ են: Գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է նաև Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջների համար՝ սպառնալով՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված օրինական բոլոր միջոցներով։