Երևանի մանկական այգում կիրակի բռնկված հրդեհի հետևանքով այրված «Կոսմոս» ատրակցիոնը 2018-ից չէր գործում: Այրվել են ատրակցիոնների թափոններ, կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Զբոսայգու տնօրենի խոսքով՝ ունեին հին կարուսելը վերականգնելու ծրագիր, չհասցրին իրագործել:
Ստեփան Մինասյան (Երևանի մանկական այգու տնօրեն) - Երևի սիգարետ են գցել, կամ երեխաները կամ լուցկի են վառել, ինչ-որ մի բանից բռնկվել է: Հրդեհ երկու օր առաջ նորից եղել է, փոքր մասշտաբի, աշխատակիցները մարել են:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այստեղ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել 2023-ի մայիսին: Պարզվել է, որ ատրակցիոնը կիսաքանդ է, չի շահագործվում:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Կան կուտակված տեխնիկայի մնացորդներ, պլաստմասսայե մնացորդներ, այլ անպիտան ապրանքներ, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, տարածվել: Պետք է հետաքննություն իրականացվի, արդյունքը կասի՝ որն է հրդեհի բուն պատճառը:
Մարտին Ասլանյան (ՀՀ ՆԳՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Մինչև 2018-ն ատրակցիոնն անցել է տեխնիկական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն: Երբ որոշվել է չշահագործել կարուսելը, կոնսերվացման վերաբերյալ դիմում է ներկայացվել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստր: Կոնսերվացված է և չի շահագործվում:
Զբոսայգում կան ևս մի քանի ատրակցիոններ, որոնք փորձաքննություն չեն անցել, քանի որ փաստացի չեն շահագործվում:
Ստեփան Մինասյան (Երևանի մանկական այգու տնօրեն) - Կոնկրետ սրանն է պահանջվել փորձաքննություն անցնելը, անցած է: Չունենք, որ պետք է անցներ փորձաքննություն, չի անցել:
2023-ին տեսչական մարմինը կատարել է հրդեհատեխնիկական 217 հետազոտություն, 205-ը՝ կարուսելի, 12-ը՝ միաճոպան կախովի մարդատար ճոպանուղու։
Կարուսելներից 155-ը դրական եզրակացություն են ստացել, 10-ը եղել են կոնսերվացված, 7-ը փորձաքննություն չեն անցել, 33-ը կամ չեն հայտնաբերվել կամ չեն գործում:
Ելենա Զոհրաբյան - Հայտնաբերել ենք 7-ն էլ նոր է ատրակցիոն, որոնք գրանցված չէին ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում: Խաղային ատրակցիոններ, ճոպանուղիներ, որոնք հայտնաբերվել, շահագործման ենթակա են, բայց չեն անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փոձաքննություն, վարչական վարույթ է հարուցվել: 14 վարույթ է հարուցվել, կայացվել է կարուսելների շահագործումը կասեցնելու 32 որոշում:
Իսկ կիրակի հրդեհված ատրակցիոնի տարածքն այժմ մաքրվում է, կապամոնտաժվի, հետագայում չի բացառվում՝ նոր կարուսել տեղադրվի: Այգին վարձակալող ընկերությունը նախատեսում է բարեկարգել այգին: Նախագիծն առաջիկայում կներկայացնեն քաղաքապետարանի վերահաստատմանը:
Ստեփան Մինասյան - Նախագիծ կա, պետք է բարեկարգենք, կարուսել, ջրային տարածքներ:
Բարեկարգման ծրագիրը նախատեսում են ավարտել մինչև 2024-ի վերջ: