Հաղթանակ և Սիլիկյան թաղամասերի ջրամատակարարման և անհատական տնային միացումների ծրագիրը մեկնարկել է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:
Ըստ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի՝ 56 կիլոմետրը վերաբերում է Հաղթանակ թաղամասին, 36 կիլոմետրը՝ Սիլիկյան: Ծրագրի ավարտը 25.07.2025-ն է:
«Տրված է շատ կարևոր ծրագրի մեկնարկ, որտեղ իրականացվելու է անխափան որակյալ ջրամատակարարում սեփական տնատիրությունների այս հատվածում, ինչպես նաև իրականացվելու են ջրաչափական հորերի տեղադրման, ջրաչափական հանգույցների տեղադրման և բնակելի անհատական միացումների ամբողջական ծրագիրը, որի արդյունքում կլինի կայուն, անխափան ջրամատակարարումը մեր բնակիչներին»,- ասաց Արեյանը:
«Անհատական տնային միացումները, իհարկե, կստեղծեն ժամանակավոր անհարմարություններ հենց այդ բնակիչների համար, բայց դա լինելու է կարճատև և հաղթահարելի, որովհետև տեղանքը նաև թույլ է տալիս անցնել (անհատական տնային միացումների - խմբ.), բայց քանդումների ծավալով, սա ավելի ծավալուն ծրագիր է»,- ասաց Արեյանը:
Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրին, ապա վերջինիս շրջանակներում իրականացվում են 8 կմ ջրագծի կառուցման և 1,7 կմ կոյուղագծի կառուցման աշխատանքներ:
«Այս պահի դրությամբ բոլոր ծրագրերը մեկնարկած են: Ավարտված են երկուսում, ընթացքի մեջ են մնացած բոլորը, դեռ չեն սկսել 6 հասցեներում: Առավելագույնը 180 մետր երկարություն ունեցող կոյուղագծերի վերակառուցման ծրագիր է, ժամկետը սահմանված է սեպտեմբերից 1-ից մինչև նոյեմբերի 11-ը: Կարծում եմ՝ «Վեոլիա ջուրը» ամբողջությամբ այս ծրագիրը կավարտի: Այստեղ ևս գերակշիռ մասը կազմում են կոյուղագծերի վերակառուցման, նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքները»,- ասաց նա:
Խոշորածավալ է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծրագիրը, որտեղ իրականացվում են անհատական տների ջրագծերի աշխատանքներ: Ըստ Արեյանի՝ այս ծրագիրը ևս մեկնարկել է:
Քաղաքապետարանն էլ իր հեթին նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում իրականացվելու է հիմնականում կոյուղագծերի կառուցում: Խոսքը 14 կոյուղագծերի կառուցման մասին է: Աշխատանքների առավելագույն ժամկետը սահմանված է նոյեմբերի վերջ:
«Վստահ եմ, որ այս ծրագիրը կկատարվի ամբողջությամբ՝ 100 տոկոսով, և սա կունենա լավ նախադեպային ստարտ վիճակ մեզ համար, որ հետագայում կարողանանք կոյուղագծերի վերակառուցման ծրագիրը դարձնենք կառավարելի «Վեոլիա ջրի» հետ»,- ասաց Արեյանը:
Անդրադառնալով իրականացվող ծրագրերին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց. «Երևան քաղաքում, այո՛, մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և այդ մեծածավալ աշխատանքները երևանցիներին պետք է նվազագույն անհարմարություն պատճառեն»: