Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ հետ Իրանի ակտիվների ապասառեցման և ԱՄՆ քաղաքացի բանտարկյալներին ազատ արձակելու պայմանավորվածությանը, նշել է.
«Բանակցային գործընթացը տևել է երկու տարի, և բանտարկյալների ազատ արձակման ու Իրանի ֆինանսական միջոցների ապասառեցման գործընթացը տեղի կունենա այդ պայմանավորվածության շրջանակներում: Իրանն ԱՄՆ-ից ստացել է անհրաժեշտ հավաստիացումներն այդ համաձայնությունն իրագործելու համար: Բանտարկյալների ազատ արձակումը և ֆինանսական միջոցների ապասառեցումը միջուկային համաձայնագրի հետ ուղղակի կապ չունեն, բայց հարցեր են, որոնք կարող են միմյանց վրա ազդել»:
Քանանին նշել է, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Ճապոնիա այցի ընթացքում ևս քննարկվել է այդ երկրում Իրանի ֆինանսական միջոցների ապասառեցման հարցը:
ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Իրանում արդեն իր գործունեությունն է վերսկսել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը: Նա հավելել է, որ նախարար Աբդոլլահիանը մոտ ժամանակներում մեկնելու է Սաուդյան Արաբիա: