Վերջին օրերի շոգը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Երևանում այսպես կոչված ջերմային կղզիներ ունենք։ Դրանք մայրաքաղաքի այն հատվածներն են, որտեղ արևի տակ, ասենք՝ 40 աստիճանը բնակչությունը շատ ավելին է զգում՝ գերտաքացող օդի պատճառով։ Այն, որ ռելիեֆով պայմանավորված ցածրադիր Շենգավիթում՝ բարձր Քանաքեռ-Զեյթունի կամ Նոր Նորքի համեմատ մի քանի աստիճանի տարբերություն կա, բնական է։ Ջերմային կղզիների դեպքում խնդիրը մարդն է առաջացրել՝ հովացնող կանաչ գոտիների փոխարեն քար-ասֆալտն ավելացնելու հետևանքով՝ բացատրում են Ակադեմիայի էկոլոգանոոսֆերային կենտրոնից։
Շուշանիկ Ասմարյան (ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար) - Տարբեր հատվածներում կառուցապատման հետևանքով ձևավորվում են ֆիզիկական բարիերներով՝ բարձրահարկ շենքերով, ձևավորված փակ գոտիներ, որոնք թույլ չեն տալիս օդափոխություն տեղական մասշտաբով, և ձևավորվում են անոմալ այդ փոքրիկ կղզյակները:
Քաղաքում հատկապես ի՞նչ օջախներ ունենք հետազոտություններն ամբողջացնելու համար, քանի դեռ Հայաստան եկած տաք օդային հոսանքը պահպանվում է՝ օրերս նորից տեխնիկա օդ կբարձրացնեն։ Թանկարժեք գույքը ձեռք են բերել, ուսումնասիրությունը կատարում են՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ երկրում առաջին անգամ իրականացվող հեռազննման տվյալների հիման վրա օդի ջերմաստիճանի քարտեզագրման ծրագրով։
Շուշանիկ Ասմարյանն ասում է՝ մակերևույթը ջերմային ռեժիմների հարցում շատ կարևոր է․ մի բան է, երբ ծառերը, տերևը թուլացնում են արևի ճառագայթները, ամբողջությամբ այլ իրավիճակ, երբ շոգից բետոնն ու ասֆալտը տաքանում են ու սկսում նաև իրենք ջերմություն թողնել։ Գիտական վերլուծությունների համար իրենց խումբը բուսաբանական այգում, նաև՝ վարչական շենքի տանիքից մինչև անցուղիների ջերմաստիճանը չափող հատուկ թերմախրոմներ է տեղադրել։
Եզրակացությունը մեկն է՝ ջուրն ու կանաչը էականորեն մեղմում են շոգի զգացողությունը։ Առաջարկը հետևյալն է․ ծառեր տնկելուն զուգընթաց Երևանում սկսել շատ ավելի էժան՝ ուղղահայաց կանաչապատում, երբ ցանկապատերի ու շենքերի վրա մագլցող բույսեր են աճեցվում։ Շենգավիթի մանկապարտեզներից մեկի համար իրենք որպես բնահեն լուծում նման փորձ են արել։
Արբանյակից ու ԱԹՍ-ներով ստացված տվյալների օգնությամբ հայկական խումբը փորձում է նաև մաթեմատիկական մոդելավորմամբ օդի ջերմաստիճանի գնահատում ու կանխատեսումներ անել։ Այս համակարգչի էկրանին վառ կարմիրը 2022-ի հուլիսյան շոգն է։
Ռիմա Ավետիսյան (ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի տվյալագիտության և մեքենայական ուսուցման խմբի լաբորանտ հետազոտող) - Ամենահով հատվածը Քանաքեռի, Մասիվի հատվածն ա, իսկ ամենացածրադիր հատվածում, օրինակ՝ աերոպորտում ու էրեբունու հատվածում, ամենաբարձր հատվածներն են:
Ցուցանիշներն այժմ ամբողջացնում են՝ սեպտեմբերի սկզբին Կահիրեում անցկացվող հեռազննման գիտական կոնֆերանսին ներկայացնելու համար։ Այստեղ ասում են՝ նկարները, որ պատկերում են Երևանի եղանակի փոփոխությունը վերջին 30 տարում, նման են շիկացած կաթսայի։