Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան: