Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 12-ին Գյումրիում մասնակցել է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնին: Այդ մասին հայտնում են Դատախազությունից:
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջազգային 3-րդ փառատոնին ներկա են եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազության, Շիրակի մարզի և Երևան քաղաքի դատախազները, այլք։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել փառատոնի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյաններին կարևոր միջոցառում կազմակերպելու համար և նշել. «Արարիչը երբեմն մեզ հետ խոսում է շատ անսպասելի պատմություններով: «Ճախրուկը» նման մի պատմություն է, որն ինձ սովորեցրեց մի կարևոր բան՝ երբեք չհուսահատվել, երբեք չհանձնվել և միշտ հիշել, որ ցավը պետք է դառնա իմաստնություն և ոչ երբեք տառապանք: Դա ինձ սովորեցրել են այս փոքրիկ հրաշալի ճախրուկները: Շնորհակալ եմ, որ ես այս ընտանիքի մասն եմ»:
Փառատոնին երաժշտական կատարումներով հանդես են եկել Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, «Գյումրու երեխաների տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների և այլ հատուկ կրթահամալիրների սաները, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, ինչպես նաև արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։