Ապարանում վթարային երկու շենքի բնակիչների համար կառուցված շենքը պատրաստ է, սակայն ութ ամիս է՝ բնակարանները չեն բաշխվում նրանց: Կառավարության որոշումն արդեն կա, տեղում սպասում են, որ Սոցիալական հարցերի նախարարության բալանսից հանձնեն համայնքին: Բացի վթարայինից, այստեղ տուն կստանա նաև խիստ կարիքավոր մի քանի ընտանիք:
Ապարանում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող այս շենքում մարդիկ սարսափով են ապրում: Սա ու բազմաբնակարան ևս մեկ այսպիսի շենք, որոնք վտանգավոր են կյանքի համար, շուտով կապամոտաժվեն:
Բաղրամյան 43 և Նժդեհի 7 հասցեների շենքերը երկար տարիներ է՝ ինչ խարխլված են: Ովքեր կարողացել են՝ կյանքն ապահովագրելու համար բնակության այլ վայրեր են գտել: Այդ հնարավորությունը չունեցողներն էլ մնացել են, բայց ահը սրտներում՝ շենքը քանդվելու վտանգն ամեն վայրկյան աչքի առաջ ունենալով: Կառույցը կարող է ցնցվել նույնիսկ մոտակա ճանապարհով ծանր ավտոմեքենաների երթևեկությունից:
Գայանե Ստեփանյան (Ապարանի Բաղրամյան 43 շենքի բնակիչ) - Սա աղետ է մեր գլխին: Թեթև ցնցում լինելու դեպքում էս շենքը նստելու է մեզ վրա: Աղոթելով քնում, աղոթելով արթնանում ենք, ամենայն անկեղծությամբ, դուք հավատացեք, ասում եմ` փառք Տիրոջը, որ էսօր լույսը բացվեց մեր գլխին:
Անահիտ Ստեփանյանը մեզ ուղեկցում է հարևանի բնակարան: Եթե շենքում ոմանք կարողացել են գոնե փոքր-ինչ ծածկել ճաքերը, նրանք այդ հնարավորությունն էլ չեն ունեցել: Տեղափոխվել են Երևան, աշխատանք ու վարձով բնակարան գտել:
Անահիտ Ստեփանյան (Ապարանի Բաղրամյան 43 շենքի բնակիչ) - Էս տան բնակիչները, նայելով էս պատերին, ուղղակի սարսափահար հեռացել են էստեղից, որովհետև օր առաջ ուզում էին փախչել, որովհետև իրոք անհնար էր:
Երկու շենքերի փոխարեն կառուցվել է նորը:
Հակոբ Ստեփանյան (Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության, ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ) - Շենքում կա 43 բնակարան: 16 հատ մեկսենյականոց, 14 հատ՝ երկուսենյականոց, 12 հատ՝ երեքսենյականոց, 1 հատ՝ չորսսենյականոց բնակարան: Բաղրամյան 43 շենքում շահառու 31 ընտանիք կա, իսկ Գարեգին Նժդեհի շենքում՝ 7-ը: Այսինքն՝ 38 բնակարան վթարային շենքերի բնակիչների համար է նախատեսված:
Մնացած 5 բնակարաններից 2-ը նախատեսված են 88-ի երկրաշարժից հետո տնակում ապրող ընտանիքների համար, 3-ը՝ հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքների: Լրացուցիչ 3 բնակարանների բաշխման վերաբերյալ Ապարանի բնակիչների շրջանում որոշակի դժգոհություն կա: Անապահովները շատ են, բնակարանի կարիք ունեցողները՝ նույնպես: Մարզպետարանի պաշտոնյան վստահեցնում է՝ արդարությունը կարևորվել է, և ընտրվածներն ամենակարիքավորներն են, որոնց նկատմամբ պետությունը նաև պարտավորություններ ուներ:
Շինարարությունը սկսվել է 2016 թվականին՝ ծրագրի՝ 870 մլն դրամ ընդհանուր արժեքով: Աշխատանքներն ավարտվել են այս տարվա հունվարին՝ փաստորեն տևելով 6 տարի:
Հակոբ Ստեփանյան - Օրինակ՝ 16 թվականին հատկացվել է 62 մլն, պատկերացնո՞ւմ եք՝ 870 մլն-ից 62: Երևի բյուջեի հնարավորություններից ելնելով՝ էդքան են հատկացրել: Հաջորդ տարի մոտավորապես 70 միլիոն էր, ինչքան հիշում եմ, դրանից հետո մի տարի ընդունման-հանձնման աշխատանքները ձգձգվեցին: Չնայած մրցույթը կայացավ, պայմանագիր կնքվեց կապալառուի հետ, ուղղակի եկավ արդեն դեկտեմբերը, դրա համար պայմանագիրը լուծարվեց: Արդեն մրցույթը հայտարարում է Քաղաքաշինության կոմիտեն: Քաղաքաշինության կոմիտեն հայտարարեց, ու միանգամից նույն շինարարը մինչև վերջ հասցրեց:
Բնակարանների ներսը նկարահանել մեզ չհաջողվեց: Դռները կողպված էին, պահակը՝ երկրից դուրս: Հակոբ Ստեփանյանն ասաց՝ բոլոր բնակարանները վերանորոգված են, կա անհատական ջեռուցման համակարգ:
Հրաշալի շենք է, կարծում եմ՝ բնակիչները շատ ուրախ կլինեն:
Ի դեպ, այն հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց: Եվ չնայած արդեն 8 ամիս է՝ շենքը պատրաստ է, բնակարանները դեռ չեն բաշխվել:
Գայանե Ստեփանյան - Ինչ են մտածում՝ շենքը արդեն կառուցված է, շենքը կա, ի՛նչն է պատճառը, որ մեզ չեն տալիս: Մենք չգիտենք:
Գարեգին Նժդեհի 36 հասցեում նոր բնակարանների բաշխման մասին Կառավարության որոշման նախագիծը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել հուլիսի 20-ին: Ավարտը նախատեսված է օգոստոսի 7-ին:
Արկադի Կարապետյան (Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Փաստացի համայնքին չի հանձնվել դեռ մինչև էսօր: Սոցապնախարարության բալանսում է ոնց որ ասած, բայց գրանցում էլ դեռ չի ստացել: Կառավարության որոշումն է ուշանում՝ հանձնել արդեն շենքը համայնքին, որպեսզի համայնքը կարողանա բաշխել բնակիչներին: Իսկ բնակիչների բողոքը տեղին է, քանի որ շենքերը արդեն քանդման եզրին են:
Եթե բնակիչների մի մասը անհամբեր սպասում է տեղափոխվելուն, կան մարդիկ, որոնք դա չեն ուզում: Կարապետ Պապիկյանն ասում է՝ ինչպես հիմա են 6 հոգով ապրում 40 քմ բնակարանում, նույնքան մակերես էլ առաջարկվում է նոր բնակարանում: Պնդում է՝ ի սկզբանե նախատեսվել է, որ կառուցվելիք շենքում բնակարանները կտրամադրվեն ըստ անձերի քանակի: Քաղաքապետարանում, ըստ նրա, տան անդամների վերաբերյալ տեղեկանքներ են պահանջել, խոստացել, որ բնակարանային պայմանների բարելավում կլինի: Բացի այդ, հիմա կենտրոնում են ապրում, նոր շենքը քաղաքի ծայրամասում է:
Կարապետ Պապիկյան (Ապարանի Բաղրամյան 43 շենքի բնակիչ) - Թող նրա վրա ինչքան փող ծախսել են, մեր մակերեսի չափով էն ծախսած փողով մեզ փող վճարեն: Էդ շենքը թող տան ուրիշի:
Հիմնավորելու համար, որ բարելավում խոստացվել է, վկայակոչում է Քաղաքաշինության կոմիտեի կայքի տեղեկությունը, ըստ որի՝ շենքը կառուցվում է Բաղրամյան 43 հասցեի վթարային շենքի փոխարեն: Կայքում այլ մանրամասներ չկան: Կոմիտեից հաստատում են՝ ծրագիրն այդպես է կոչվում, բայց թե ում ու ինչպես կբաշխվեն նոր բնակարանները, պատասխանատուն իրենք չեն: Ապարանի քաղաքապետի տեղակալը վստահեցնում է՝ անձերի թվով բաշխում նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է նորակառույց շենքում բնակարանների բաշխման ու հատկացման մասին հրապարակված նախագիծն այսքան ձգձգվելուն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանում են՝ դա պայմանավորված է եղել միջգերատեսչական քննարկումներով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան