Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի ներքին գործերի նախարարին և Ֆարս նահանգի նահանգապետին հանձնարարել է գտնել և պատժել Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում կատարված ահաբեկչության մասնակից բոլոր անձանց: Հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել: Իրանական հեռուստաալիքներից մեկի հաղորդմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանի տարածքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Լրատվամիջոցների տվյալով՝ ահաբեկիչները հրազենով ներխուժել են սրբավայր և կրակ բացել ուխտավորների վրա: Որոշ ժամանակ անց ահաբեկիչների և իրավապահների միջև փոխհրաձգություն է սկսվել: Հայտնի է 2 զոհի մասին, առնվազն 8 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Ահաբեկչության համար կասկածվող 4 անձ է ձերբակալվել։ Այժմ համալիրը շրջափակված է, տարածքում մեծ թվով ոստիկաններ և հատուկ ջոկատների զինծառայողներ են աշխատում:
Անցած տարի ևս Շահ Չերաղի դամբարանը հայտնվել էր ահաբեկիչների թիրախում: Տասնյակ հավատացյալներ էին զոհվել և վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը։
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԹՍ-ՆԵՐՈՎ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել: Զոհեր և ավերածություններ չկան՝ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը միջադեպը ահաբեկչական հարձակում է որակել:
Ռուսական կողմը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են որսացել նաև Բելգորոդի շրջանի օդային տարածքում։ Այնուամենայնիվ ոչ բոլոր սարքերն է հաջողվել չեզոքացնել: Կան ավերածություններ, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի մի շարք այլ շրջաններում ևս պայթյուններ են լսվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը տասնյակ ԱԹՍ-ներով և հրթիռներ է արձակել Օդեսայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
Զապորոժիեի շրջանում ևս ռուսական ուժերի հարվածների պատճառով կան լուրջ ավերածություններ, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՌԴ ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան անպատասխան չի թողնի Ռուսաստանի ոչ մի հանցագործություն, և Ղրիմի կամուրջը պատած ծուխը հենց դրա վկայություններից մեկն է։ Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, ռուսական կողմը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ռուսական կողմը հայտնել է, որ Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ:
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերը լավ արդյունքներ ունեն Կուպյանսկի, Մարյինկայի, Բախմուտի, Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում:
ՆԻԳԵՐՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԶՈՒՄԻՆ
Նիգերում իշխանությունը զավթած ապստամբները մտադիր են պետական դավաճանության և երկրի անվտանգությանը վտանգելու համար մեղադրանք առաջադրել Նիգերի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Բազումին։ Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ ապստամբները պնդում են, թե իրենց իրականացրած պետական հեղաշրջումը փրկել է աղետից ոչ միայն Նիգերը, այլև հարևան Նիգերիան։
Մինչ այդ՝ նիգերիական լրատվականները գրում են, որ Նիգերիայի պաշտպանության շտաբը նախապատրաստվում է զորքերի հնարավոր մոբիլիզացիայի՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի հովանու ներքո Նիգերում ապստամբների դեմ ռազմական գործողություն անցկացնելու համար: Միաժամանակ, Al Jazeera-ն գրում է, որ Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած զինվորականները պատրաստակամություն են հայտնել բանակցելու Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի ղեկավարների հետ։
Ավելի վաղ Նիգերի ապստամբները զգուշացրել էին, որ կսպանեն նախագահ Մոհամեդ Բազումին, եթե հարևան պետությունները վերջինիս վերականգնելու համար ռազմական միջամտության փորձ անեն: Նրանք նաև մեղադրել են Ֆրանսիային՝ Նիգերում իրավիճակն ապակայունացնելու համար: