Բաքվի ավտորիտար ռեժիմի մասին խոսում են նաև Ադրբեջանում, այս երկրում ազատ խոսքի ու քաղաքական այլընտրանքի տոտալ ճնշումների ֆոնին Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ Ալիևի ռեժիմը մտադիր է Ադրբեջանը վերածել Հյուսիսային Կորեայի և կոչ է արել միջազգային հանրությանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել:
ՕԴԵՍԱՅՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉԿԱՆ. ԲԱԴԱԼՅԱՆ
Օդեսայում և Ուկրաինայի մի շարք այլ շրջաններում պայթյուններ են գրանցվել։ Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը տասնյակ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել Օդեսայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Օդեսայում այսօրվա իրադարձությունների հետևանքով
տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Նրա խոսքով՝
Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն:
ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿՈՉ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ
Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի դեմ։
«Իլհամ Ալիևի ռեժիմը ցանկանում է Ադրբեջանը Հյուսիսային Կորեայի պես երկիր դարձնել», - մտահոգություն է հայտնել քաղաքական ուժը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ «ժողովրդական ճակատը» նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում անկախ ակտիվիստների, քաղաքական ու հասարակական գործիչների իրավունքների խախտման և անհիմն ձերբակալությունների ֆոնին:
«Ալիևի ռեժիմը, որը հայտնի է իր կոշտ ավտորիտարիզմով և ռեպրեսիվ սովորություններով, սպառնալիք է համարում ցանկացած կազմակերպություն կամ ակցիա, որը դուրս է իր վերահսկողությունից»,- պնդում է «Ժողովրդական ճակատը», որի 8 ներկայացուցիչ այժմ բանտում է։
ԻՐԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՎԵԼ ԵՆ 2 ՏԱՐԻ
Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից իրանական ակտիվների ապասառեցման և երկու երկրի միջև բանտարկյալների փոխանակման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը: Նասեր Քանանիի խոսքով՝ բանակցային գործընթացը տևել է երկու տարի:
«Բանտարկյալների ազատ արձակումը և ֆինանսական միջոցների ապասառեցումը միջուկային համաձայնագրի հետ ուղղակի կապ չունեն, սակայն դրանք հարցեր են, որոնք կարող են իրար վրա ազդել», - նշել է պաշտոնյան:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հայտարարել է, որ Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զգալի առաջընթաց են գրանցել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի շրջանակում Իրանի պարտավորությունների հետ կապված: Դիվանագետը բարձր է գնահատել Թեհրանի հետ անվտանգային հարցերով բանակցություններում կառույցի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի դերը:
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ-ը Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Այն ներառում է ՀՕՊ համակարգերի համար նախատեսված զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային միջոցներ, ականազերծման սարքավորումներ, փամփուշտներ։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Կիևին աջակցության նոր փաթեթը տրամադրվում է Presidential Drawdown Authority մեխանիզմով, որը թույլ է տալիս հատկացումներ անել ամերիկյան ռազմական պաշարներից:
ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՂՈՒՐԱՆ ԵՆ ԱՅՐԵԼ
Ստոկհոլմում խորհրդարանի շենքի դիմաց հերթական անգամ Ղուրանի այրման ակցիա է տեղի ունեցել։ Լրատվականների տվյալով՝ ակցիայի կազմակերպիչներն իրաքցի միգրանտներ են, որոնց դեմ արդեն քրեական գործ է հարուցվել՝ ավելի վաղ նմանատիպ գործողություններ իրականացնելու համար: Ստոկհոլմի կենտրոնում՝ ակցիայի անցկացման վայրում, տասնյակ քաղաքացիներ են հավաքվել: ԶԼՄ-ները գրում են, որ շատերը գոչել են՝ «Գիրք այրելը ժողովրդավարություն չէ»։
Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել էր, որ Ստոկհոլմը չի արդարացնում մուսուլմանների սուրբ գրքի օրինակների այրումը: Նա նշել է, որ Շվեդիան ջանքեր կգործադրի՝ բարելավելու հարաբերությունները Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների հետ և վերացնելու թագավորության եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին առկա մարտահրավերները: