ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ, գործի իրական հանգամանքները, այդ թվում՝ նշված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի ներգրավածությունը հերքելու ու չբացահայտելու, դրանով իսկ քրեական գործի քննությանը սխալ ուղղություն տալու նպատակով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գ. Կ.-ի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ. Մ.-ի դրդմամբ, քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի հետ միասին ոստիկանության այլ ծառայողների միջոցով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այդ թվում՝ կազմել և քրեական քրեական գործին կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքը:
«Մասնավորապես՝ Գ. Կ.-ից և Գ. Մ.-ից ստացած ապօրինի ցուցումների համաձայն՝ նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա, նշված քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում քննիչ Ա. Հ.-ն և քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ն 2008 թվականի հուլիս-օգոստոսին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և հայտնել, որ քննարկվող իրադարձությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված հրազեններից կրակված 5,45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներից շուրջ 1000-ը փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի հրազեններից կրակված պարկուճներով, ինչպես նաև կազմակերպել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված և քրեական գործի նյութերին կցված ծառայողական քննության նյութերը՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը փոխելու և ոստիկանության զորքերի ծառայողների ցուցմունքները վերոհիշյալ զեկուցագրերին համահունչ արձանագրելու գործընթացը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ոստիկանության զորքերի համապատասխան աշխատակիցներին ամրակցած ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ, ապա՝ շուրջ 1000 հատ պարկուճները տարել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Ա. Հ.-ին: Դրանից հետո պարկուճները տրամադրվել են հիշյալ դատաձգաբանական փորձաքննությունը կատարող, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.-ին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով:
Դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելու գործընթացին զուգահեռ՝ նույն ժամանակահատվածում Ա. Հ.-ն քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի և մյուսների հետ միասին կազմել և քրեական քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին վերցրել և քրեական գործին են կցել հիշյալ օրը ծառայության ընթացքում իրենց ամրակցված ինքնաձիգներից իբրև մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր, իսկ ՀՀ ոստիկանության զորքերի ղեկավարությունը կրկին Վ. Հ.-ի հրահանգով հետին ամսաթվով կազմել է հիշյալ զեկուցագրերին համահունչ, իրականությանը չհամապատասխանող, ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից իբրև ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում:
Միաժամանակ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և նրանց տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել են զեկուցագրերին նույնաբովանդակ՝ իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց ամրակցված, ընդհանուր 24 միավոր զենքերից մարտական փամփուշտներով կրակոցներ են արձակել, որով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:
Իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքների արձանագրումից հետո ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներին ամրակցված 24 միավոր ինքնաձիգները ներկայացվել են 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող փորձագետ Ա. Հ.-ին: 2008 թվականի օգոստոսի 12-ին ՀԿԳ քննիչ Ա. Հ.-ի ներկայությամբ հիշյալ փորձագետի կողմից համեմատական հետազոտության համար վերոհիշյալ 24 միավոր ինքնաձիգներից փորձարարական կրակոցներով ստացվել են գնդակներ և պարկուճներ, ապա կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները ամրագրվել են փորձագետի՝ 2008թ. դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին:
Այսպիսով՝ մինչև 2011 թվականի հունվարի 11-ը հիշյալ քրեական գործով կատարելով նախաքննություն և ունենալով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտականություն՝ Ա. Հ.-ն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինձնաձիգներ ժամանակի ընթացքում խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, որպիսի պայմաններում քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող պարկուճների վերացմամբ խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների հանգամանքները դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների հետազոտմամբ բացահայտելու համար:
Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: