Հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել, որոնց հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել հնդկական Հիմալայներում, հայտնում է Press Trust of India-ն:
Հատկապես տուժել է Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգը, զոհերը հիմնականում տարածաշրջանի մայրաքաղաք Շիմլայում են: Սակայն մահվան դեպքերի մասին տեղեկություններ են ստացվում նաև նահանգի տարբեր շրջաններից:
Շիմլայում սողանքների տակ է հայտնվել երկու տաճար, որոնցից մեկում արգելափակվել է 15 մարդ։ Ենթադրվում է, որ երկրորդ տաճարում էլ կարող են մարդիկ լինել: Կատարվում են փրկարարական աշխատանքներ։
Սողանքները փակել են նաև նահանգի ավելի քան 750 ճանապարհ և քանդել մեծ թվով տներ։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը զգուշացրել է, որ երկրի այս հատվածում եղանակը կարող է կարգավորվել միայն շաբաթավերջին։