11 մարդ է զոհվել, 6-ը վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, տուժող է ճանաչվել 16 անձ: Միկրոավտոբուսի ուղևորները, ի դեպ, Արևմտյան Հայաստանից էին վերադառնում:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին կեսգիշերն անց տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որը 11 հոգու կյանք է խլել, տեղի է ունեցել ահա այս հատվածում՝ Լանջիկ գյուղի հարևանությամբ։ Ներկա պահին տեղում քննչական գործողություններն ավարտված են, վթարված մեքենաները տեղափոխվել են Անի համայնքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նախնական տվյալով՝ ժամը 00։20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է տուրիստական ուղևորատար ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորատար ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Արմեն Խաչատրյան («Գյումրի» ԲԿ տնօրենի տեղակալ) - Ներկա պահին ունենք հինգ հիվանդ, մեկին տեղափոխել ենք դիմային գանգի բազմաբեկոր կոտրվածքներով, տեղափոխվել է Առաջին համալսարանական կլինիկա, մյուս հիվանդները այստեղ են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, որոնք դեռ շոկի էտապում են: Փորձում ենք ստաբիլիզացնել վիճակները, որ եթե հետագայում անհրաժեշտություն լինի, տեղափոխենք, կարողանանք տեղափոխել, ճանապարհը լինի անվտանգ։
Ավելի ուշ «Գյումրի» ԲԿ-ից երկուսին տեղափոխեցին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկին` «Աստղիկ» ԲԿ։ Տուժածների հարազատների փոխանցմամբ՝ նրանք վերադառնում էին Թուրքիայից, գնացել էին պատմական Արևմտյան Հայաստան: Դեպի Երևան՝ Լանջիկի հատվածում էին, երբ տեղի է ունեցել վթարը։
Մուշեղ Մուրադյան (Շիրակի մարզպետ) - «Համշեն տուրին» պատկանող մեքենա է եղել, բախվել է Նոր Կյանք գյուղի բնակիչ «ԶԻԼ» վարորդի մեքենային, «ԶԻԼ» մակնիշի վարորդը ևս պառկած է ԲԿ-ում, տարբեր նախաքննական գործողություններ են իրականացվում պարզելու համար։
«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ցուցմունք տալ չի կարող: Նրա մեքենան Անիի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում է: Պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ մեքենաները միմյանց են բախվել առաջամասերով: «ԶԻԼ»-ը հանդիպակաց երթևեկելի ուղեմասում է եղել՝ դեպի Գյումրի։ Իսկ ուղևորատար տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան։ Վթարի հատվածում ճանապարհատրանսպորտային կահավորումը պատշաճ իրականացված է, վստահեցրեց Շիրակի մարզպետը:
Մուշեղ Մուրադյան - Ամբողջությամբ կահավորում և գծանշումներ և եզրային գծանշումները կան, արագության գերազանցման սահմանափակման նշանները եղել են։ Մեր պատկերացնելով՝ ամբողջությամբ կահավորումը եղել է, տվյալ տարածքում անհրաժեշտ բոլոր նշանները եղել են։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության, կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու, անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջացնելու համար քրեական վարույթ է հարուցվել: 16 անձ տուժող է ճանաչվել: Քննչական կոմիտեից տեղակացնում են, որ կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հեղինակ՝ Քրիստինե Մկրտչյան