Երևանի 33-րդ՝ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների դիմումից հետո Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել սեփականատերերի անշարժ գույքը գնահատած Սերոբ Ոսկանյանի որակավորման վկայականը:
ԿԱՐԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ (Երևանի 33-րդ թաղամասի բնակիչ) - Մենք դժգոհ ենք էդ որոշումից, որովհետև դա կատարվել է մասնակի: Էդ բոլոր հաշվետվությունների տակ ստորագրել է նաև տնօրենը, դրվել է «ՎիԷմԱրՓի» ՍՊԸ-ի կնիքը, և պատասխանատվություն պիտի կրեն բոլորը: Պատասխանների մեջ մեկ-երկու խախտում են նշել, որ դրանով միայն գնահատողին են զրկել լիցենզիայից: Հանձնաժողովը կոծկում է որոշ բաներ, աչք է փակում էդ խախտումների վրա: Առաջին հերթին դա խաբեբայություն է:
Հանրային գերակա շահ ճանաչված տարածքի բնակիչներն ահազանգում էին՝ գնահատումն արվել է բազմաթիվ կոպիտ խախտումներով: Մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրել է 24 անշարժ գույքի գնահատման հաշվետվություններն ու խախտումներ հայտնաբերելով՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին առաջարկել դադարեցնել գնահատողի վկայականի գործողությունը: «Լուրերին» կոմիտեից մեկնաբանություն տրամադրել են գրավոր:
Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ 3 անշարժ գույքի գնահատման հաշվետություններում առկա են ՀՀ կառավարության 24.08.2022 թվականի N 1355-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածների կետերի խախտումներ, որոնք հանգեցրել են շուկայական արժեքի անարժանահավատության, իսկ 21 անշարժ գույքի գնահատման հաշվետություններում առկա են եղել գնահատման ստանդարտի (ՀՍՏ 252-2012) կամ Որոշմամբ հաստատված հավելվածների կետերի պահանջների խախտում/ներ, որոնք չեն ազդել հաշվետվություններում արտացոլված շուկայական արժեքի վրա։
Թե գործընթացը կարգավորող փաստաթղթի հարյուրավոր կետերից հատկապես որոնք են խախտվել, Կադաստրի կոմիտեն չի մանրամասնում: Չի պարզաբանվում նաև շուկայական արժեքի, որը ենթադրվում է՝ ցածր է, անարժանահավատության հիմքը:
33-րդ թաղամասի բնակիչները վստահ են՝ հանձնաժողովը կողմնակալ է: Նախ՝ ավելի վաղ հրավիրված նիստում իրենց թույլ չի տրվել խոսել ու ներկայացնել խախտումների շարանը, հետո էլ միայն գնահատողի կազմած անշարժ գույքի գնահատման հաշվետվություններն ուսումնասիրելով՝ վերհանել է մանր ու ոչ էական խախտումները:
ՌՈՒԲԵՆ ԱԹՈՅԱՆ (բնակիչ) - 15 հատ խախտում կա, Շուկայի վերլուծությունը չկա, անալոգների ընտրությունը չկա, իդենտիֆիկացիոն կոդը չկա: Ինչ է դա ինձ տալիս, որ գնահատողին զրկել են, բուն խնդիրը պետք է բարձրաձայնվի: Էդ հանձնաժողովը նրա համար է, որ խնդիրները բարձրաձայնվի, շտկվի էդ գնահատումների պրոցեսը, որ մյուս անգամ էդ նույն սխալները չկրկնվեն:
Պատկերավոր լինելու համար համեմատում է՝ նույնն է, թե ավտոմեքենայի վարորդը հարբած լինի, անցնի կարմիր լույսի տակով, երթևեկի մայթերի վրայով, բայց ճանապարհային ոստիկանությունը նրան տուգանի ամրագոտի չկապելու համար: 33-րդ թաղամասի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել ավելի քան 15 տարի առաջ, որը հետագայում վերահաստատվել է: Բնակիչների մի մասի հետ պայմանագրեր են կնքվել, և նրանք ազատել են տները, մյուսները շարունակում են պայքարել: Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ու հանձնաժողովի գործողությունների հետ անհամաձայնություն ունենալով էլ մտադիր են դիմել դատախազություն: Ասում են՝ սա խախտումների ու կոռուպցիոն ռիսկերի կծիկի մի դրվագն է միայն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան