Աշնանը սպասվող ընտրությունների արդյունքում մայրաքաղաքում կձևավորվի նոր քաղաքային իշխանություն, որն էլ կընտրի Երևանի 14-րդ քաղաքապետ: Սեպտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցության ցանկության մասին մեկ տասնյակից ավելի ուժ է հայտարարել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանից տեղեկացանք, որ դեռևս 4-ն են ներկայացրել ցուցակները:
Ներկայացնողների շարքում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 181 հոգանոց ցուցակը կգլխավորի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 2-րդ համարը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է: Ցուցակի առաջին տասնյակում են նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
1.Ավինյան Տիգրան
2.Փամբուխչյան Արմեն
3.Վարդանյան Նուարդ
4.Հովհաննիսյան Լևոն
5.Գրիգորյան Սուրեն
6.Խաչատրյան Մարգարիտ
7.Գալջյան Արմեն
8.Իսպիրյան Արթուր
9.Քերոբյան Դիանա
10.Հայրապետյան Վահագն
Առաջադրումների փուլում փլուզվել է Եվրոպական կուսակցության և ՍԴՀԿ-ի դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն, ինչպես մինչև վերջերս հայտարարվում էր, սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էր: ԿԸՀ ներկայացված ցուցակից պարզ դարձավ, որ Եվրոպական կուսակցությունն ընտրության է գնում միայնակ, իսկ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: 24 հոգանոց ցուցակում 2-րդ համարը Արամ Գևորգյանն է, 3-րդը՝ Գեղեցիկ Նազարյանը: Դերասան Հովհաննես Ազոյանը 4-րդն է:
Հայաստանի եվրոպական կուսակցություն
1.Խզմալյան Տիգրան
2.Գևորգյան Արամ
3.Նազարյան Գեղեցիկ
4. Ազոյան Հովհաննես
5. Հունանյան Լևոն
6. Մկրտչյան Անահիտ
7. Զաքարյան Արսեն
8. Շուխյան Ռուբեն
9. Մինասյան Մարիամ
10.Մենեդյան Զոհրաբ
Քաղաքային իշխանության մաս կազմելու հայտ է ներկայացրել նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը: 33 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Նրան հաջորդում են Մարինե Մալխասյանը, Վահե Թորոսյանը, Արտակ Աբրահամյանը, Հասմիկ Գաբրիելյանը:
Ժողովրդավարական համախմբում կուսակցություն
1.Պետրոսյան Սուրեն
2.Մալխասյան Մարինե
3.Թորոսյան Վահե
4.Աբրահամյան Արտակ
5.Գաբրիելյան Հասմիկ
6.Շահնազարյան Կամո
7.Սարգսյան Ցոլակ
8.Տիգրանյան Արա
9.Մովսեսյան Մերի
10.Մանուկյան Արթուր
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը». Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 28 հոգանոց ցուցակը, որը գլխավարում է Արման Ղուկասյանը, նրան հաջորդում են Ծովինար Կոստանյանը, Գրիգոր Բալասանյանը, Արման Կարապետյանը և Գարուշ Հովհաննիսյանը:
Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
1. Ղուկասյան Արման
2. Կոստանյան Ծովինար
3. Բալասանյան Գրիգոր
4. Կարապետյան Արման
5. Հովհաննիսյան Գարուշ
6. Կարապետյան Արմինե
7. Առաքելյան Տիգրան
8. Մելիքյան Լիլիթ
9. Աբաջյան Արամ
10. Դերձակյան Աննա
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռևս ցուցակը չի ներկայացրել ԿԸՀ, սակայն երեկ դրամահավաք-միջոցառում է իրականացվել, որի ընթացքում հայտարարել են՝ այն նվիրված է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին։
Ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարած ուժերին էլ միացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Տարածված հաղորդագրությունում ընդգծվում է՝ չեն սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին: Խորհրդարանական ընդդիմությունը նույնպես չի մասնակցելու ավագանու ընտրություններին: Երևանի ավագանու ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Քաղաքային իշխանության մաս կազմելու ցանկություն ունեցող ուժերը քարոզարշավը կսկսեն օգոստոսի 23-ից:
Հեղինակ` Անի Օհանյան