Երկաթե պատնեշը վկայում է, որ Արգիշտի 11-ի 3 շենքի վերելակից օգտվելն արգելվում է: Չպարզված հանգամանքներում վերելակը 4-րդ հարկից հայտնվել է 1-ինում: Դրա մեջ կին է եղել:
Կադար Ասլիբեկյան (տուժող) - Պատերին դխդխկալով իջանք մինչև 1-ին հարկ, շենքի բնակիչներն են օգնել, որ դուրս եմ եկել: Էդ արդեն ես մասնագետ չեմ, որ իմանամ` լիֆտը պոկվեց, թե չէ, բայց պատերին տենց հարվածելով 4-րդ հարկից իջել ենք ներքև:
Համացանցում աղմուկ էր բարձրացել, թե վերելակը պոկվել է: Դեպքի վայր ժամանած Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնների աշխատակիցներն այլ բան են արձանագրել:
Մարտին Ասլանյան (ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Նկատեցինք, որ վերելակը պոկված չի, ճոպանները տեղում են, նույնիսկ վերելակը այդ պահին դռները բացված, կոտրված վիճակում աշխատում էր, ես ինքս անձամբ բարձրացել եմ և հոսանքազրկել եմ ամբողջ վերելակը, որպեսզի այլ դժբախտ պատահար տեղի չունենա:
Ըստ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի՝ վերջին անգամ վերելակը փորձաքննության է ենթարկվել 2019-ին, ստացել է դրական եզրակացություն: Թեև ամեն տարի փորձաքննությունը պարտադիր է, սակայն շենքը սպասարկող «Կենտրոն 1» համատիրությունը հրաժարվել է իր պարտականություններից, և արդեն 3 տարի է` վերելակը չի ստուգվել: Մինչդեռ բնակիչները պնդում են՝ այն անսարք է եղել:
Անահիտ Ալոյան (շենքի բնակիչ) - Ոչ գիտենք` գումարները որտեղ են ծախսվել, անգամ հաշվեհամար չունենք, որ երևա՝ որ բնակիչը ինչքան է վճարում և ինչի համար: Եվ էս համատիրությունները փորձանք են քաղաքի բնակիչների համար:
Մաքրուհի Բերգամալյան - էս երկու տարի ա` էս վիճակում ա, մայիս ամսից հիմա էլ լիֆտը չի աշխատում, ես պարտաճանաչ փողը մուծել եմ:
Արգիշտի փողոցի բնակիչները չգիտեն անգամ` այժմ իրենք ունեն համատիրության նախագահ, թե ոչ: Իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ վերելակների տեղադրումից հետո գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարվում է բնակիչներին` ի դեմս համատիրության նախագահի:
Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ) - Նորակառույց շենքի նոր վերելակ է, որը կառուցապատողի կողմից է տեղադրվել, և այդ վերելակը փոխարինման ծրագրի մեջ ներառված չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև դա հնամաշ վերելակ չի: Դա չի հանդիսանում 25 և ավելի տարվա վերելակ:
Քաղաքապետարանի տվյալով՝ 2019-ից 2022 թվականներին Երևանում 1041 վերելակ է փոխարինվել: Այս տարվա ընթացքում 97 նոր վերելակ հանձնվել է շահագործման: Արգիշտի 11-ի 3 շենքի վերելակը փոխարինման ծրագրի մեջ չի մտնում, նշում է Կոմունալ տնտեսության վարչության պետը:
Հեղինակ` Քրիստինե Թորոսյան