ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՆԻԳԵՐՈՒՄ
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ: Նրանք Փարիզին մեղադրել են աֆրիկյան պետության ներքին գործերին միջամտելու համար: Ցուցարարները նշել են, որ նիգերիացիները հանդես են գալիս Հայրենիքի փրկության ազգային խորհրդի օգտին: Այդպես է կոչվում իշխանությունը տապալած ապստամբների կողմից ստեղծած կառավարման մարմինը: Հանրահավաքի մասնակիցները դեմ են արտահայտվել նաև Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի հնարավոր ռազմական միջամտությանը:
ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆ ՈՒ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՏԱՐՀԱՆՎԵԼ ԵՆ
Փարիզում Էյֆելյան աշտարակի անձնակազմն ու այցելուները տարհանվել են ականապատման մասին ստացված հաղորդագրության պատճառով: Ըստ տեղեկությունների՝ մարդիկ տարհանվել են նաև մոտակա հրապարակից։ Փարիզի ոստիկանություն ահազանգը ստացվել է կեսօրին մոտ։ Դեպքի վայր են ժամանել սակրավորները։ Մոտ երեք ժամ անց ստուգումն ավարտվել է, աշտարակը վերսկսել է աշխատանքը: Էյֆելյան աշտարակի շահագործմամբ զբաղվող ընկերությունը տարհանումն անվանել է «սովորական ընթացակարգ»: Նախորդ անգամ Էյֆելյան աշտարակից մարդկանց տարհանել էին 2020 թվականի սեպտեմբերին՝ անանուն հաղորդագրությունից հետո։
ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 120 ՄԱՐԴ
Անցած երկու օրվա ընթացքում Սուդանի Դարֆուր արևմտյան շրջանում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Միջցեղային տարաձայնությունների պատճառով առավել կատաղի բախումներ են տեղի ունեցել Չադին սահմանակից Հարավային Դարֆուր նահանգում: Աղբյուրը հայտնում է, որ այնտեղ առավոտից վերսկսվել են նաև ինտենսիվ մարտերը բանակի և Սուդանի արագ արձագանքման ուժերի միջև: Նյալա քաղաքում հակամարտող կողմերը հրետանային հարվածներ են հասցնում միմյանց։
2023թ. ապրիլին երկրում հակամարտության վերսկսվելուց ի վեր՝ Սուդանի բանակի և հատուկ նշանակության ջոկատների միջև մարտերի, ինչպես նաև դրանց զուգահեռ ընթացող զինված միջցեղային բախումների հետևանքով Դարֆուրում զոհվել է առնվազն 5 հազար մարդ:
ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 80-Ի
Հավայան Մաուի կղզում, հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի: Այդ մասին հայտնել է կղզու շրջանային վարչությունը։ Փրկարարները շարունակում են կրակի մահման և հրդեհի տեղայնացման աշխատանքները կղզու մի շարք քաղաքներում: Մաուի կղզում անտառային հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, և ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է Լահայնա զբոսաշրջային քաղաքում։ Արդյունքում քաղաքն ամբողջությամբ այրվել է, մարդիկ փորձել են կրակից պաշտպանվել օվկիանոսում։ Նրանց փրկել են առափնյա պահպանության աշխատակիցներն ու կամավորները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային ծառայություններին կարգադրել է աջակցություն ցուցաբերել Հավայան կղզիներում հրդեհների մարման հարցում:
Լրատվամիջոցները ցուցադրել են կադրեր, որոնք պատկերում են տարերային աղետից հետո քաղաք վերադարձող Լահայնայի բնակիչներին: Նրանց մի մասը փորձել է գոնե ինչ-որ բան գտնել մոխրացած տներից:
ԿԵՐՉԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ ՀՕՊ-Ը ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ 2 ՀՐԹԻՌ Է ԽՈՑԵԼ
Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Նա հավելել է, որ Ղրիմի կամուրջը չի վնասվել, թեպետ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն էլ պարզաբանել է, որ նեղուցով կամրջի անցման շրջանում նկատվող ծուխը հատուկ ծառայությունների կողմից արձակված ծխածածկույթ է:
«Մոտ ժամանակներս երթևեկությունը կվերսկսվի», - տեղեկացրել է Կրյուչկովը:
Ուկրաինական կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սակայն լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ և տեսանյութեր, որտես երևում է Ղրիմի կամուրջը պատած ծուխը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ Ուկրաինայի փորձերը:
«Նման բարբարոսական ակցիաներին արդարացում չի կարող լինել. դրանք անպատասխան չեն մնա: Խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչական հարձակումները»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: