Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի: Սյունիք անունով այծյամին մոտ երկու ամիս առաջ Հայաստանի հարավային մարզի անտառպետություններից մեկում էին գտել՝ լքված: Մի քանի օր արհեստական ճանապարհով կերակրելուց և խնամելուց հետո դիմել էին Երևանի կենդանաբանական այգուն՝ խնամքը շարունակելու առաջարկով: Որոշ ժամանակ նրան առանձին խնամելուց հետո արդեն տեղափոխում են ազատավանդակ:
Հարություն Հովհաննիսյան (Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ) - Փոքր տարիքի՝ երկու-երեք օրական կենդանուն մեծացնելը բավականին աշխատատար և ծանր պրոցես է, որովհետև նրան շատ հաճախ պետք է կերակրել: Ոչ միշտ է, որ դա հաջողությամբ է ավարտվում: Բարեբախտաբար, այս անգամ էդպես ստացվեց: Սկզբանական շրջանում դնում էի բոքսի մեջ, հետս տանում էի կերակրելու նպաատակով, էլի, որովհետև նա գիշեր-ցերեկ ուտում է, և նրան անընդհատ պետք էր կերակրել:
Սկզբնական շրջանում այծյամը կենգուրուների հետ է ապրելու: Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենը նշում է՝ այս ազատավանդակը կենդանուն առավել հարմար է, իսկ կենգուրուները համեմատաբար խաղաղասեր կենդանիներ են:
Աշոտ Ասլանյան (Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն) - Ադապտացման պրոցեսը միշտ կարող է խնդրահարույց լինել. կարող է շատ հեշտ գնա, կարող է միանգամից չստացվի, ստիպված լինենք փուլ առ փուլ իրականացնել: Բայց միայնակ ապրող կենդանին դժբախտ կեդանի է, վերահսկողություն այսօր ամբողջ օրվա ընթացքում կատարվելու է:
Միանշանակ, այսօր էլ, հաջորդ օրերին էլ, սկզբնական փուլում շատ ավելի խիստ վերահսկողություն է, հետո՝ մշտական. էլի խնամողները ամեն օրվա ռեժիմով կենդանիներին հետևում են, նայում են, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան:
Իսկ մեծանալուց հետո այծյամին կտեղափոխեն առանձին ազատավանդակ: Տարածքներ շատ կան, խնդիրը տեսակի պահանջներին հարմարեցնելն է, որ և՛ հարմարավետ, և՛ անվտանգ լինի:
Աշոտ Ասլանյան - Այգու ազատավանդակների ֆոնդը ներկայումս այդքան էլ մեծ չէ, մենք նախատեսում ենք բավականին ընդլայնումներ՝ նոր ազատավանդակների կառուցում, նոր տարածքների իրացում, այսինքն՝ այգու գործող սահմաններում կան մեծ քանակությամբ ազատ տարածքներ, որոնք չեն օգտագործվում մինչ այժմ:
Այգու տարածքը ավելի քան 35 հեկտար է, որից միայն մոտ 20 տոկոսն է օգտագործվում: Պատճառը ենթակառուցվածքների, ճեմուղիների, ծառուղիների, ազատավանդակների բացակայությունն է: Նախատեսվող վերակառուցումն ու արդիականացումը կլինեն փուլ առ փուլ, որ այգին այցելուների համար բաց մնա: Ընդլայնման հետ մեկտեղ նոր կենդանիներով համալրում կլինի, քանի որ այգու բնակիչների մի մասն արդեն ծերացել է:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան