Արարատյան դաշտի կիզիչ արևին մարդիկ հող ու փոշու մեջ դաշտամիջյան ճանապարներն են հարթեցնում, որ բերքահավաքից առաջ գյուղացին պտուղ-բանջարեղենը տեղափոխելու դժվարություն չունենա։ Արմավիրի 10 գյուղական բնակավայրում արդեն երկրորդ տարին համայնքային միջոցներով կարգի են բերվում դժվարանցանելի՝ հողային ճանապարհները։
Արայիկ Միյասարյան (Մյասնիկյանի բնակիչ) - Սա Արևադաշտ է գնում, աշխատողներ են գնում-գալիս Ճամփեն որ լավ լինի, ավելի հաճելի կլինի բոլորի համար։
Կառլեն Միքայելյան (Մյասնիկյանի բնակիչ) - Մեքենաները նորմալ կանցնեն-կդառնան. ջարդվում էին քարերի մեջ: Էստեղ էլ խողովակ պիտի անցկացնեն։
Կարծր գրունտի պատճառով Մյասնիկյանում գործը փոքր-ինչ դանդաղ է առաջ գնում։ Հողաշինարարները հսկա փոսերը մաքրում են, հող ու ավազ լցնում, հարթեցնում այնպես, որ դիմանա գոնե մինչև հաջորդ սեզոն։ Հողային գրունտի պատճառով հանդամիջյան ճանապարհները ամենամյա նորոգման անհրաժեշտություն ունեն։ Նախորդ տարվա համեմատ աշխատանքի ծավալն այս տարի ավելացել է։
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Համայնքի տարածքում մոտ 200 կմ երկարությամբ ճանապարհ ենք հարթեցնում, հողային գրունտը տեղափոխվում կամ փոխարինվում է նորով։
Երեք տարի առաջ Մյասնիկյանի այս հատվածում ծառեր չկային. ամայի էր։ Ոռոգման ջրի պակասի պատճառով մարդիկ չէին համարձակվում հող մշակել։ Իսկ երբ խորքային հորը գործարկվեց, գյուղացիներից շատերը վերադարձան իրենց լքված հողերն ու այգիներ հիմնեցին։ Վերջին երեք տարում 8 հա ամայացած հող կյանք ստացավ, կանաչեց, այգի ու բանջարանոց դարձավ։
Կառլեն Միքայելյան - Անցած տարի էլ ես եմ ծառեր դրել։ Իմ նման բոլորն էլ կգան, կհիմնեն։
Խորքային հորեր էլ կան, որոնք տարիների անգործությունից ժանգոտել, մի մասն էլ թալանվել է՝ դառնալով անպիտան․ դրանք ևս շուտով կվերագործարկվեն։ Արմավիրի համայնքապետարանը սեփական միջոցներով 10 խորքային հորի նորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ է ձեռք բերել՝ 45 մլն դրամ մրցութային արժեքով։
Դավիթ Խուդաթյան - Այդ հորերի զգալի մասը վերջին 10-15 տարում փակված են եղել, և նման հնարավորությունը թույլ է տալիս ոռոգելի դարձնել այն հողատարածքները, որոնք ոռոգելի չեն կամ դժվար ոռոգելի են եղել։
Նորոգվող խորքային հորերի կեսը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր։ Գյուղացիների խոսքով՝ դրանց գործարկման արդյունքում շատերը կվերադառնան իրենց լքված հողատարածքները։ Հարթեցվող հանդամիջյան ճանապարհներն էլ հնարավորություն կտան բերքն անվնաս շուկա հասցնել։ Ասում են՝ միակ հոգսն այդ խնդիրների լուծումից հետո կմնա մթերքի իրացումը։