Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. ըստ էության` հենց նման պահանջ է ներկայացնում Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը», գրում է Washington Post-ը:
«Սակայն հայ ղեկավարները շեշտում են՝ Ալիևի մարտավարությունը ցեղասպանություն է, և շատերը, կարծես թե, պատրաստ են նույնիսկ սովամահ լինել, քան ենթարկվել», - ընդգծում է հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը:
Washington Post-ի սյունակագիրը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը միջազգային հանրությանը՝ օգնել ԼՂ բնակչությանը հակահարված տալ Բաքվի ցեղասպան քաղաքականությանը, ինչպես նաև հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ.
«Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Լեռնային Ղարաբաղում հայերին հաջողվում է գոյատևել միայն սեփական այգիներում աճեցրած մթերքի շնորհիվ: Նրանք մտավախություն ունեն, որ ձմռանն ընդառաջ՝ այս երկու ամսվա ընթացքում, բնակչությունը կարող է սովի մատնվել: Հայերը սարսափում են 1915 թվականի Ցեղասպանության կրկնության հնարավորությունից»:
Իգնատիուսի խոսքով՝ Բաքուն պետք է վերջ տա Լաչինի միջանցքի շրջափակմանը և վստահության մթնոլորտ ստեղծի, մինչդեռ ադրբեջանական կողմը փորձում է իր գործողություններով կոտրել Լեռնային Ղարաբաղի ոգին: Եզրափակելով՝ հեղինակը նշել է՝ դեռ 2016 թվականին Ստեփանակերտ այցի ընթացքում հասկացել է, որ Լեռնային Ղարաբաղի ուղերձն աշխարհին հստակ է՝ մենք անսասան ենք մեր լեռների պես.
«Լեռնային Ղարաբաղը կարող է իրավական առումով լինել Ադրբեջանի կազմում, սակայն էթնիկ հայերը շարունակելու են բնակվել այնտեղ, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն: Ժամանակն է, որ բոլոր կողմերն ընդունեն այս բանաձևը»:
Ամերիկյան Newsweek-ն էլ գրում է՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ, ժողովրդավար բնակչությունը, այդ թվում՝ 30 000 երեխա, թիրախավորված են, սակայն այդ մարդասիրական ճգնաժամն աշխարհի ուշադրության կենտրոնում չէ: Նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը ուղեկցվում է նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հասցեին Բաքվից հնչող սպառնալիքներով և բռնություններով.
«Շրջափակումը երկու նպատակ ունի՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս իր ինքնիշխան տարածքով Ադրբեջանին ճանապարհ տա դեպի Թուրքիա: Ադրբեջանի «նավթային բռնապետ» Իլհամ Ալիևի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի աշխարհաքաղաքական նկրտումներն արժեն 120.000 կյանք»:
American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները համեմատում է Դարֆուրի բնակչության դեմ Սուդանի բռնապետ Ալ Բաշիրի իրականացրած ցեղասպանության հետ.
«Սուդանը, ինչպես և Ադրբեջանը, Հռոմի ստատուտի կողմ չէր և չէր ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը տարածել Դարֆուրում կատարված հանցագործությունների վրա՝ ինչը հնարավորություն տվեց Բաշիրին մեղադրանք ներկայացնել»:
Ռուբինի կարծիքով՝ ժամանակն է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ամերիկյան դրոշներով հումանիտար օգնությամբ բեռնատարներ ուղարկի Լաչինի միջանցք՝ Հայաստանում և Ադրբեջանում տեղակայված ԱՄՆ դիվանագետների հսկողության ներքո:
«Եթե Ադրբեջանը խոչընդոտի մեր դիվանագետների տեղաշարժը, պետք է նրանց դեսպանին տուն ուղարկել»,- նշել է փորձագետը:
ԻՍՐԱՅԵԼՑԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՀԵՐՑՈԳԻՆ՝ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ
Իսրայելցի մի խումբ ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ և ակտիվիստներ էլ դիմել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին:
Նամակում ասվում է, որ Իսրայելը ռազմական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, ինչը, այդ թվում, որոշիչ դեր է խաղացել 2020 թվականի ռազմական գործողություններում.
«Իսրայելը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ՝ պետություն, որը պատասխանատու է այս ճգնաժամի համար: Դա պարտավորեցնում է Իսրայելին հստակ դիրքորոշում որդեգրել, այլ ոչ թե անգործության մատնվել»:
Իսրայելցի գործիչները նախագահին խնդրել են անձնական ուղերձով դիմել Ադրբեջանի գործընկերներին և պահանջել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Նրանք եզրափակել են. «Սա մարդասիրական կոչ է՝ ապահովելու մարդկանց տեղաշարժի ազատությունը և փրկելու վտանգված կյանքեր»։