Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին, Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու խնդրանքով: Նամակում հիմնավորվում է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև ուղղակիորեն խախտում է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը ապահովելու որոշումները։ Հայաստանը նաև հայցում է Անվտանգության խորհրդի միջամտությունը՝ որպես հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի:
Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղած նամակում, մասնավորապես, նշել է.
«2023 թ. հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։
Նշվում է՝ մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը՝ զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործմամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղատնտեսական տարածքների թիրախավորված գնդակոծությամբ, հանգեցրել են սննդի սուր պակասի և խանութների փակման։
Առաջնային անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30.000 երեխա, 20.000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար: Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններով, մնացել են գրեթե առանց որևէ դեղամիջոցի։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մանրամասնում է՝ այս իրավիճակում արձանագրվել է մի շարք հիվանդությունների հետևանքով մահացության աճ: Հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժշկական հսկողության տակ գտնվող հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է շուրջ 90%-ի, ինչը պայմանավորված է թերսնմամբ և համապատասխան դեղամիջոցների բացակայությամբ կամ անբավարարությամբ: Ավելին, շոգ եղանակային պայմանները, ախտահանող միջոցների և դեղամիջոցների բացակայությունը տարածաշրջանում համաճարակների վտանգ են ստեղծում։ Այս ամենի հետևանքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հումանիտար լիակատար աղետի եզրին է:
Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում են, այլև ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար»։
Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը»,- փաստել է Մհեր Մարգարյանը: Հավելել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ։
Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։
Երևանը նաև ակնկալում է, որ Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն կտրվի մասնակցելու Խորհրդի նիստին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան