Հավայան կղզիներից մեկում`Մաուի կղզում, հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի: Այդ մասին հայտնել է Մաուիի շրջանային վարչությունը։
Նշվում է, որ փրկարարները շարունակում են կրակի մահման և հրդեհի տեղայնացման աշխատանքները կղզու մի շարք քաղաքներում:
Մաուի կղզում անտառային հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, և ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է Լահայնա զբոսաշրջային քաղաքում։ Դրա հետևանքով քաղաքն ամբողջությամբ այրվել է, մարդիկ փորձել են կրակից պաշտպանվել օվկիանոսում։ Նրանց փրկել են առափնյա պահպանության աշխատակիցներն ու կամավորները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային ծառայություններին կարգադրել է աջակցություն ցուցաբերել Հավայան կղզիներում հրդեհների մարման հարցում:
Լրատվամիջոցները ցուցադրել են կադրեր, որոնք պատկերում են տարերային աղետից հետո քաղաք վերադարձող Լահայնայի բնակիչներին: Նրանց մի մասը փորձել է գոնե ինչ-որ բան գտնել մոխրացած տներից: