Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992 թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նա ողջունել է ներկաներին՝ կարևորելով ինչպես հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերը, այնպես էլ նման ձևաչափով հանդիպումների պարբերականությունը:
Հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից ներկայացված` փախաստականների և բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները, որոնց առերեսվում են ներկայումս։ Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև իրենց մտահոգություններով իրենց կարգավիճակի լուծման ուղղությամբ տարվող գործընթացների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:
ՀԿ ներկայացուցիչների հնչեցրած առաջարկները հավաքվել են՝ առկա խնդիրներին Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը գնահատել են քննարկման արդյունավետությունը, ձեռք բերել պայմանավորվածություն նման բնույթի հանդիպումների շարունակական լինելու և փախստականների իրավական պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցչիներ Դիանա Քարազյանը, Արամ Արամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը: