Կառավարության նիստի հիմնական օրակարգը սպառելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ օրակարգին չվերաբերող հարցերի:
Նախ՝ Փաշինյանը պաշտոնյաներին առաջարկեց հաճախակի լինել մարզերում, առանց ծրագրելու գնալ բակեր, խոսել մարդկանց հետ, քանի որ դա հնարավորություն կտա՝ բացահայտելու խնդիրները:
«Համաձայն եմ, որ աշխատանքային օրը Կառավարության անդամներն ինչ-որ պարբերականությամբ օգտագործեն այդ նպատակի համար: Ուղղակի որոշեն, որ այդ աշխատանքի օրն անցկացնում են կաբինետից դուրս, ոչ պաշտոնական հագուստով, ոչ պաշտոնական ձևի, ընդհանրապես փորձել կյանքը տեսնել մյուս կողմից, կաբինետի կամ ավտոմեքենաների ապակիների մյուս կողմից»,- ասաց նա, ապա տեղեկացրեց, որ նմանատիպ այցերի ժամանակ է խնդիրներ բացահայտել՝ ճանապարհների սպասարկման հետ կապված:
«Զարմանքով և տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է»,- ասաց նա, ապա հավելեց, որ, օրինակ, եթե ՀՀ-ում ձյուն է տեղում, սովորութային է, որ պետք է դուրս գալ, ճանապարհները մաքրել, մինչդեռ երբ անձրև է գալիս, ոչինչ տեղի չի ունենում, ճանապարհների վրա բերուկ չի լցվում.
«Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են հաջորդ՝ ավելի կառուցողական անձրևի»,- կատակեց Փաշինյանը, ապա հավելեց. «Ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ ճանապարհներն ամեն օր պետք է ավլել»:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ, ընդունված որոշման համաձայն՝ սպասարկող ընկերությունն ամեն օր պետք է ավլի ճանապարհը երթևեկելի հատվածի լայնքով, իսկ եզրագծին պետք է գծանշումներ լինեն:
Ճանապարհային նշաններ կան, որ 70-ականներից չեն փոխվել: Օրինակ՝ Խոր Վիրապի ցուցանակի հետ կապված խնդիր կա, նկատեց Փաշինյանը՝ խոսքն ուղղելով Արարատի մարզպետին և ՏԿԵ նախարարին:
«Մի հատ Խոր Վիրապի ցուցանակը նայեք: Ես երաշխավորում եմ, որ իմ տարիքին է առնվազն այդ ցուցանակը»,- ընդգծեց Փաշինյանը, ապա կարծիք հայտնեց, որ զբոսաշրջիկը գլխի չի ընկնի, որ դա Խոր Վիրապն է:
Փաշինյանը նաև անդրադարձավ ճանապարհների փոքր փոսերին, ճաքերին՝ նշելով, որ Դիլիջան-Իջևան ճանապարհին կիլոմետր չկա, որի վրա փոս չլինի:
«Իմ եզրակացություն այն է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն անում: Ինձ պետք է այդ մարդկանց անուն-ազգանունները: Ես Ձեզ հանձնարարում են նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել այն մարդկանց անունները, որոնք պետք է հետևեին, որ կապալառու ընկերություններն այդ բոլոր գործառույթները պատշաճ ձևով անեին»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ ճանապարհների վատ սպասարկումը նաև վթարների պատճառ է, ապա հիշեց, որ քարոզարշավներից մեկի ժամանակ, երբ եղել է ղեկին, վթարի է ենթարկվել, քանի որ ճանապարհի վրա ավազի շերտ էր նստած, արգելակման խնդիր էր առաջացել:
«Մենք՝ այստեղ, դուք էլ՝ այդտեղ որոշում ենք ընդունել, որ, ա՛յ ժողովուրդ ջան, մենք հիմա լրիվ ուրիշ կարգով ենք ճանապարհների սպասարկման մրցույթներ անում, հիմա դուք կտեսնեք լրիվ ուրիշ որակ:
Չենք տեսնում ուրիշ որակ: Մենք, ասում եմ, միլիարդներ ենք ծախսում ճանապարհների վրա, և այդ ճանապարհները, որ անձրևը քանդում է, ոչ մեկս չենք նկատում»,- ասաց նա: