Գործադիրի որոշմամբ՝ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2023 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 277 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (131 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (146 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ վարկային ծրագրի շրջանակում իրականացվում են Գեղարքունիքի մարզի Մարտունի բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում: Մարտունի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների պայմանագրի ավարտման ժամկետը օգոստոսի 1-ն է, իսկ Վայոց ձորի մարզային հիվանդանոցինը՝ հուլիսի 26-ը: Վերջինիս ժամկետը նախատեսվում է երկարացնել երկու ամսով:
Որոշման ընդունման արդյունքում շինաշխատանքները կավարտվեն շինարարության պայմանագրերով նախատեսված ժամկետներում, կկատարվի կենտրոնների հագեցումն ու արդիականացումը մինչև վարկային ծրագրի ավարտը: